«Որոշվել է ստեղծել հանձնաժողով, որը նախ՝ կպարզի հոտի հնարավոր աղբյուրները». «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն
Անցած շաբաթ Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները խմբագրություն էին ահազանգել՝ բողոքելով «Առողջ սունկ» ՍՊԸ գործունեությունից տարածքում շարունակ տարածվող տհաճ հոտից:
Բնակիչներն արդարացիորեն բողոքում էին տհաճ իրավիճակից, որի մասին բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին, սակայն մինչ օրս խնդրին վերջնականապես լուծում չի տրվել: Բյուրեղավանի այդ հատվածը բնակիչները և անցորդները գարշելի հոտի պատճառով սկսել են կոչել «հոտավան»: Բնակիչների բողոքի մասին հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց նաև «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Դավթյանը:
Մենք զրուցեցինք նաև «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Դավթյանի հետ, որպեսզի հասկանանք բնակիչներին տևական ժամանակ անհանգստացնող խնդրի պատճառները:
Մեր զրուցակիցը նշեց, որ անցած տարի իսկապես պարբերաբար տհաճ հոտ կար, ինչը, ըստ նրա՝ կապված էր հիմնականում հոսանքի անջատումների հետ:
«Այդ ժամանակ մարզպետարանի և Բնապահպանության նախարարության կողմից ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի հետ միասին մշակեցինք միջոցառումների պլան, որպեսզի բացասական հետևանքները վերացվեն:
Միջոցառումների պլանն ընդգրկում էր և՛ գեներատորների տեղադրում, և՛ տարածքի առանձին արտադրամասերի ու ամբողջ շենքի մեկուսացման աշխատանքներ, և՛ լրացուցիչ բիո ֆիլտրի կառուցում, և այլն: Այդ բոլոր աշխատանքների համար սահմանվեցին կոնկրետ ժամկետներ, որոնց ավարտից հետո մարզպետարանից ու նախարարություններից ուսումնասիրել են աշխատանքները և համոզվել, որ ամեն ինչ կատարված է:
Բացի այդ, թե՛ առողջապահության, թե՛ բնապահպանության և այլ ոլորտների տարբեր ատյաններից բազմիցս կատարվել են ստուգումներ, և խախտումներ չեն հայտնաբերվել: Բայց քանի որ մենք չենք ուզում, որ ինչ-ինչ պատճառներով հոտային երևույթներ լինեն, վերը նշված և այլ միջոցառումներն անընդհատ շարունակում ենք:
2014թ. հոկտեմբերին, երբ միջոցառումները համարյա ավարտին էին հասցվել, արդեն իսկ տհաճ հոտի առկայություն չէր նկատվում բնակելի տարածքներում: Որոշակի քամիների արդյունքում՝ հազվադեպ ինչ-որ կարգի հոտեր միգուցե եղել են, բայց մինչև այս տարվա հունիսի կեսերը բողոք չի եղել: Հունիսի կեսերից բնակելի մասում ինքս եմ զգացել որոշակի տհաճ հոտ, որն անընդհատ չի եղել, և մենք սկսել ենք շատ խորը ուսումնասիրել մեր արտադրությունը: Բայց եթե համեմատենք անցած տարին այս տարվա հետ, ապա հոտի քանակն անհամեմատ քիչ է, ինչը մեր արած միջոցառումների շնորհիվ է:
Զավեշտալի կարող է թվալ, բայց փաստ է, որ այս տարվա հունիսի վերջին, երբ արտադրության ծավալները հասցրել էինք զրոյի, ահազանգ ստացանք, որ Բյուրեղավան քաղաքի մոտակայքում տհաճ հոտ կա, որն այն բնույթի է, ինչ անցած տարի:
Դա հունիսի 25-ին էր: Ինքս խնդրեցի Կոտայքի տարածքային ստորաբաժանման բնապահպանության տեսչությանը, որպեսզի մեզ մոտ մարդիկ ուղարկեն՝ ստուգումներ անցկացնելու: Բյուրեղավանի քաղաքապետարանից էլ ներկայացուցիչների հրավիրեցինք, գնացինք տեսանք, որ բնակելի տարածքում հոտ կա, բայց դա, փաստորեն, մեր գործարանից չէր: Նշվածն արձանագրվեց գրավոր: Տարածքը բավականին մեծ է, կան արտանետումներ ունեցող այլ կազմակերպություններ, և չի բացառվում, որ դրանց արտանետումները կարող են խառնվել մեր արտանետումների հետ և հոտ ստեղծել»,- ասաց Ս. Դավթյանը:
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ մշտական կապի մեջ են բնակչության հետ, և մասսայական բողոքներ չեն ստացել.
«Բողոքողները հիմնականում նույն մարդիկ են, որոնք մշտապես չեն բնակվում այդ բնակավայրում: Հոտի անհամեմատ քիչ լինելու և այլ հանգամանքները կասկածի տեղիք են տալիս, որ բողոքողների մեջ կան մարդիկ, որոնք հետապնդում են այլ շահադիտական նպատակներ, կատարելով այլ անձանց պատվեր՝ հրահրելով մյուսներին: Այդ մարդիկ տարածում են բացարձակ սուտ տեղեկատվություն, թե իբր հոտը հիվանդությունների պատճառ է հանդիսանում»:
Սակայն, այս պնդման հետ մեկտեղ, նա նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում հանդիպել է մարզպետի հետ, որոշվել է ստեղծել հանձնաժողով, որը նախ՝ կպարզի հոտի հնարավոր աղբյուրները.
«Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, թե ի՞նչ արտանետումներ են կատարվում, որ հստակ պատասխան տրվի՝ պատճառը մեզնի՞ց է, թե՞ ոչ, և վտանգավո՞ր է արդյոք այն առողջության և շրջակա միջավայրի համար: Մեր ընկերությունը միշտ պատրաստ է համայնքի հետ կոնստրուկտիվ աշխատանքի և հոտի վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը»:
«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրենը նաև ասաց, որ նախորդ հոդվածում բնակիչներից մեկի կողմից տրված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը.
«Այսպես, աշխատողներին վճարում ենք ոչ թե 60-80 հազար դրամ, այլ միջին աշխատավարձը մեզ մոտ 121.244 դրամ է: Աշխատողների առողջությանը որևէ վտանգ չի կարող լինել, քանի որ ստուգվել են բուժհիմնարկություններում: Բացարձակ հերյուրանք է նաև այն, որ կազմակերպության հիմնադիրներից մեկն աշխատում է բանկում, նման բան գոյություն չունի: Հիմնադիրները որևէ բանկում չեն աշխատել և չեն աշխատում: Ի տարբերություն այս թեմայով Ձեր նախորդ զրուցակցի՝ իմ կողմից նշված հանգամանքները ոչ թե անհիմն զրպարտանքներ են, այլ փաստաթղթերով հիմնավորված փաստեր: Իսկ կազմակերպության հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Վալերի Ազոյանը և Իշխան Հարությունյանը»:
Ի դեպ, նախորդ հոդվածում Քաղաքաշինության նախարարությունից մեզ ասել էին, որ առաջիկայում կարձագանքեն, և ահա Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին.
«Հայտնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում իրականացված և իրականացվող քաղաքաշինական գործունեության մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ միայն համայնքի ղեկավարից, քանի որ գործող կարգի համապատասխան՝ Քաղաքաշինության նախարարությունը տվյալ օբյեկտում իրականացվող քաղաքաշինական գործունեության մասին սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել:
Ինչ վերաբերում է արտադրական գործունեության հետևանքներին՝ արտանետումներ, մթնոլորտի աղտոտում և այլն, ապա դրանք դուրս են ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավասություններից»,- ասաց նա: