Դմիտրի Պեսկովը դարձյալ ստիպված է եղել պատասխանել հարսանեկան թանկարժեք ժամացույցի մասին հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ նորմալ» է վերաբերվում ՌԴ Կոմունիստական կուսակցության նախաձեռնությանը՝ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկել եկամուտները թաքցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Բացարձակ նորմալ եմ վերաբերվում: Մենք հայտարարագրում ենք մեր եկամուտները արդեն ոչ առաջին տարին: Այդ հայտարարագիրը ստուգվում է, ես պարզապես չգիտեմ, թե հատկապես ինչ հավելյալ դետալների մասին է խոսքը»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ժամացույցների հետ կապված հարցի ֆոնին Կրեմլում վերաբերվում ՌԴ Կոմունիստական կուսակցության նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ օգոտոսի 4-ին Կոմունիստական կուսակցությունն առաջարկել է քրեական պատասխանատվություն սահմանել եկամուտները թաքցնողների նկատմամբ: Օրինագիծը խոստացել են քննարկման դնել արդեն սեպտեմբերին:
Համաձայն կոմունիստների առաջարկի՝ եթե չհայտարարագրված գումարը գերազանցում է պաշտոնյայի տարեկան եկամուտը, ապա նրան պետք է սպառնա տուգանք ու աշխատանքից ազատում, իսկ եթե չհայտարարագրված գումարը գերազանցում է 2 տարվա պաշտոնական աշխատավարձը, ապա պաշտոնյան պետք է ազատազրկվի 2 տարով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, թե չէր կարող չկրել հարսանիքին իր կնոջ նվերը, որը, որոշ տեղեկությունների համաձայն, արժե 620 հազար դոլար:
«Ես չէի կարող չկրել հարսանիքին կնոջս նվերը: Պարզապես չէի կարող, ահա ամենը: Ինձ հարց էր տրվել, ես դրան պատասխանեցի: Դժվար թե կնոջ նվերը ամուսնուն կամ ամուսնու նվերը կնոջը կարող է առնչություն ունենալ հակակառուպցիոն գործունեությանը: Դա մեր անձնական գործն է»,- հայտարարել է Պոսկովը: