«Կովկասը դառնում է իսլամականների որջ, ինչը պարզ է՝ վտանգավոր է Հայաստանի համար». արաբագետ

Իսլամական պետություն խմբավորման համար Ադրբեջանը պարարտ հող չի՞ դառնում, հաշվի առնելով այնտեղ առկա ծայրահեղ գաղափարներ ունեցող մարդկանց քանակը: Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի՝ Ադրբեջանի հյուսիսային հատվածները, որտեղ սունիական իսլամն է տարածված, պարարտ հող է Իսլամական պետություն խմբավորման համար: Մեր զրուցակիցն ասաց, որ հիմա նկատելի է նաև խոշոր քաղաքներից հոսք դեպի ԻՊ, օրինակ Բաքվից, Սումգայիթից, Թարթառի շրջանից, որը մեզ ավելի մոտ է.

«Այսինքն՝ գործընթացներ են ընթանում և եթե այն ժամանակ հյուսիսն էր ակտիվ, ապա հիմա տարբեր տեղերից հավաքագրվում են: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բազմիցս հայտարարել է՝ այն մոջահեդները, որոնք գնում են Սիրիա կամ Իրաք՝ կռվելու, իրական մոջահիդներ չեն. իրական մոջահիդը կամ իրական իր կյանքը զոհող անձնավորությունը Ղարաբաղում կռվողն էր: Այսինքն՝ փորձ է արվում ուղղորդելու, ինչը վտանգավոր է Հայաստանի համար: Հետո՝ ադրբեջանցիներն այդ վայրերից վերադառնում են փորձ ձեռքբերած. ուշ թե շուտ այդ փորձն ինչ-որ տեղ պետք է ցույց տան»:

Մեր հարցին, թե Հյուսիսային Կովկասում ԻՊ ակտիվացումը ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, արաբագետը պատասխանեց. «Կովկասի վիլայեթի հռչակումը նշանակում է, որ բավականին ներուժ կա այնտեղ, այսինքն՝ այդտեղի հետ կապված ինչ-որ հեռանկարներ կան: Մի ժամանակ նրանց գործունեությունը քարոզչական բնույթի էր, հիմա արդեն գործողություններ են անում: Կովկասը դառնում է իսլամականների որջ. տարբեր տեղերից հավաքվում են, ինչը պարզ է՝ վտանգավոր է Հայաստանի համար: Հիմնականում Պանկիսի հատվածում են ակտիվ, որը գտնվում է երեք պետությունների մեջտեղում՝ Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան:

Պանկիսը բոլորի համար դարձել է հենակետ, մագնիս, որը կլանում է կովկասցիներին»: Ռուսաստանի իշխանությունները թույլ կտա՞ն ԻՊ առաջխաղացումը Կովկասում: Սարգիս Գրիգորյանն այս հարցին պատասխանեց, որ եթե Կադիրովի մակարդակով ենք նայում, ով ցուցադրական քայլեր է անում, պարզ է, խնդիր չկա: «Բայց բոլորս հիշում ենք, որ 200 հոգի հենց նույն Կադիրովի Գրոզնին մտան և ահաբեկչություն իրակացրին, ինչը ԻՊ –ի կողմից մեսիջ է՝ մենք խնդիր չունենք, եթե ուզում ենք՝ իրականացնում ենք: Եթե իսլամականներն ուզենան ապակայունացնել, ապա կապակայունացնեն»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս