«Կադրերի բաժին N 168»-ում Գոդֆրի Ռեջիոն է. «Շրջափակում » (բացառիկ)
Այս ուրբաթ «Կադրերի բաժին N 168»-ը ներկայացնում է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի (Godfrey Reggio) առաջարկած երեք ֆիլմերից վերջինը՝ ամփոփելով նրա՝ 168.am-ին արված տրիոլոգ կինոառաջարկը, որն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Գործն այս պարագայում բարեհաջող ընթացք կունենա երեք դեպքում… Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երեք իրարից միանգամայն տարբեր ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆիայի արվեստի ձայնով դիտողին են հասցնում իրենց ամբողջ շուքն ու վեհությունը: Տարբեր մթնոլորտներ, պատմություններ, խաղացողներ՝ միանման արվեստի էության մեջ, որտեղ բովանդակությունը միավորում է գեղագիտական ձևը: Սրանք ջրագծի նիշերն են, տաղանդի տեսիլքներ, որոնք գալիս են` ձեր հոգու հետ խաղալու: Դրանք կարող են ասել ավելին, քան հնարավոր է…»: («Things go better in threes. I invite for your consideration three films while vastly different, share in their brilliance, a voice of cinematic art: different atmospheres, stories, players; similar in the substance of art where the content becomes their aesthetic form.These are watermark events, monsters of grace that come to play with your soul. They have more to say than can be spoken…». Godfrey Reggio)
Այսպիսով, Գոդֆրի Ռեջիոյի վերջին կինոնախընտրությունը, որ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին, ուկրաինացի հայտնի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի 2005 թ. նկարահանած «Շրջափակում» («Блокада») դոկումենտալ ֆիլմն է:
«Շրջափակումը» ներկայացնում է 1941-1944 թթ. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Լենինգրադ քաղաքի շրջափակման պատմությունը: Ֆիլմում բացակայում են բառերը, խոսքն ու երաժշտությունը, առկա են միայն պատկերներ՝ ուղեկցված մեռնող քաղաքին բնորոշ աղմուկներով:
Լուռ դժոխքի մասին պատմող 50 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմի նկարահանումների վրա ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան անցկացրել է մի քանի երկար տարիներ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը