Ինչպես են սոցիալական կայքերն ազդում արտաքին տեսքի վրա. գիտնականներ
Հետազոտողները հայտնաբերել են սոցիալական ցանցերում շփումների հաճախականության ազդեցությունը արտաքին տեսքի վրա:
Մի խումբ ամերիկացի գիտնականներ իրականացրել են առցանց ուսումնասիրություն` վերլուծելով կանանց վարքագիծը սոցիալական ցանցերում և իրենց գրավչության սեփական գնահատականը: Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն The Journal of Adolescent Health գիտական ամսագրում:
Փորձարկմանը մասնակցել են 128 ուսանողուհիներ` ԱՄՆ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Ինչպես նշել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտությունների թեկնածու Ստեֆան Զերվասը (Stephanie Zerwas), հետազոտողները ցանկացել են պարզել, թե ինչն է դրդում երիտասարդ աղջիկներին` հրապարակել իրենց լուսանկարները սոցիալական կայքերում: Արդյո՞ք նրանք ցանկանում են պարզապես կիսվել կյանքի պահերով իրենց ընկերների և հետևողների հետ, թե՞ ցանկանում են հասկանալ ինչպիսի տեսք ունեն մյուսների համեմատ:
Արդյունքները ցույց են տվել, որ Facebook-ում լուսանկարներ հրապարակող ուսանողուհիների մեծ մասը հակված չեն իրենց լուսանկարներին վերաբերվել շատ քննադատորեն:
Փորձարկման ժամանակ ուսանողուհիներին տրվել են հարցեր` կապված իրենց արտաքին տեսքի, սոցիալական կայքերից կախվածության և սննդի համային նախասիրությունների վերաբերյալ: Դատելով տրված պատասխաններից` նրանց մեծամասնությունը քննադատաբար չի վերաբերվում մարմնի կառուցվածքին և սննդակարգին:
Գիտնականների խոսքերով, այս դեպքում, սոցիալական ցանցերը հանդես են գալիս որպես «հենակ», որն աջակցում է երիտասարդ աղջիկների ինքնագնահատականի բարձրացմանը` ուշադրության և «like»-երի միջոցով:
Սակայն այս միտումը նկատվում է մինչև միայն այն պահը, երբ մարդը չի սկսում սոցիալական կայքերում համեմատել իրեն` ուրիշների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը