Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Վարդան Պետրոսյանի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը։  Վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է 5-օրյա ժամկետ`որոշումը ստանալու պահից։

Datalex դատական տեղեկատվական կայքում հրապարակված որոշման համաձայն՝ որոշման մեջ վճռաբեկ դատարանը նշել է, որ քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. մայիսի 5-ի որոշման դեմ տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզել է, որ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին։

Իր որոշման մեջ վճռաբեկ դատարանը գրել է, որ վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ բողոք բերած անձը՝ փաստարկելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ վերանայվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներին, բողոքին, չի կցել այդ որոշումները։
Հետևաբար, ըստ դատարանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի պահանջը պահպանված չէ։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը։ Մինչդեռ Ռ. Բալոյանի վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ բացակայում են բողոքի պատճենը գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը։
Այսինքն՝ պահպանված չէ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջը»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման https://168.am/2015/01/29/450437.html՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով` 2 տարի ժամկետով: Դատարանը վճռել էր քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի ներկայացրած հայցը բավարարել և ամբաստանյալ Վ. Պետրոսյանից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում. Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել` դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18.825 դրամ, ապրանքագիտական փորձաքննության համար ծախսված 33.600 դրամ` որպես դատական ծախսեր:

Դատարանի վճիռը տուժողների և մեղադրողի կողմից բողոքարկվել էր  վերաքննիչ դատարան, սակայն  բողոքները մերժվել էին, իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ թողնվել ուժի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս