Բաժիններ՝

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողներին քաղցած են պահել. խոշոր հափշտակություններ՝ ռազմաբազայում

Ինչպես հայտնում է Кавказский Узел-ը, Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ:

Վնասի նախնական չափը գնահատվում է 450 մլն ռուբլի: Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախություն կատարելու մեջ: Հափշտակված սնունդը նախատեսված է եղել Գյումրիի ավիացիոն ռազմաբազայի կարիքները հոգալու համար, նշում է Donday.ru-ն:

Զորինը բողոքարկել է որոշումը՝ պնդելով, որ իր նկատմամբ սահմանվի տնային կալանք կամ 1 մլն ռուբլու գրավի դիմաց ազատ արձակվի: Դատարանը, սակայն, չի ընդառաջել նրան ու թողել է կալանքի մասին որոշումը ուժի մեջ, գրում է «Բլոկնոտ-Ռոստովը»՝ հղում կատարելով Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցչին:

Նշվում է, որ հափշտակության փաստերը բացահայտվել են Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործի հետաքննության ժամանակ: Պարզվել է, որ Հայաստանում գործել է զինծառայողների համար նախատեսված պարենի հափշտակության մի ամբողջ համակարգ:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալով՝ հափշտակություններն իրականացրել են Հարավային ռազմական օկրուգի (Գյումրիի 102-րդ ռազմաբազան մտնում է օկրուգի մեջ) բարձրաստիճան սպաները:
Զորինից ու նրա ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություններ չեն ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս