Որքան փող ունեն ԱԺ ամենահարուստ պատգամավորները

62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար և 33.8 միլիոն եվրո։ Ահա այսքան փող ունեն մեր ԱԺ պատգամավորները միասին։ ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 127-ը ներկայացրել են 2014 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, և այս թվերը ներկայացված են նրանց հայտարարագրերի` դրամական միջոցներ բաժնում։ Դոլարային արտահայտությամբ` ԱԺ պատգամավորներն իրենց կանանց հետ միասին հայտարարագրել են շուրջ 230 միլիոն դրամին համարժեք դրամական միջոցներ։
2014 թվականի ընթացքում ազգընտիրների դրամական միջոցները, ըստ արժույթի տեսակների` տարբեր փոփոխություններ են կրել։

Մասնավորապես, ՀՀ դրամով դրամական միջոցները 2014-ի ընթացքում ավելացել են 13.9 մլրդ դրամով կամ 28.8%-ով։ 28.8%-ով կամ 7.5 միլիոն եվրոյով ավելացել են եվրոյով պահվող դրամական միջոցները։ Իսկ ահա ԱՄՆ դոլարով պահվող գումարները նվազել են 12.9%-ով կամ 9.8 միլիոն դոլարով։

Նշենք, որ ԱԺ պատգամավորների դրամական միջոցների հաշվարկման ժամանակ հիմք ենք ընդունել ոչ միայն իրենց, այլև իրենց հետ փոխկապակցված անձանց (ամուսին, ծնող, երեխա) միջոցները։

Ամենահարուստ պատգամավորը` հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30,37 մլն դոլար և 26,3 միլիոն եվրո։ Դոլարային արտահայտությամբ Ծառուկյանի դրամական միջոցների ծավալը կազմել է շուրջ 138,8 մլն դոլար, որը կազմում է բոլոր պատգամավորների դրամական միջոցների 60%-ը։ Նշենք նաև, որ Ծառուկյանի` ՀՀ դրամով պահվող գումարները 2014-ի ընթացքում ավելացել են 8.5 մլրդ դրամով, եվրոյով միջոցները` 2,4 միլիոն եվրոյով, իսկ դոլարային միջոցները նվազել են 11 միլիոն դոլարով։

Axyusak-milionaterer1
Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը` կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։ Այդ թվում` շուրջ 9,2 մլրդ դրամ և 16,7 մլն դոլար։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի ընտանիքում դրամական միջոցների մեծ մասը գտնվում է պատգամավորի կնոջ հաշիվների վրա։
Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը։ Իր տիկնոջ հետ միասին նա հայտարարագրել է դոլարային արտահայտությամբ շուրջ 9,6 մլն դոլար, այդ թվում` 3,5 մլրդ դրամ և 2,1 մլն դոլար։

Միլիոնատեր (նկատի ունենք` դոլարային միլիոնատեր) պատգամավորների թվում են նաև Գուրգեն Արսենյանը, Աշոտ Արսենյանը, Գրիգոր Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը և այլք։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հայտարարագրերի համաձայն` ԱԺ-ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Նշենք, որ այս ցանկում ներառված չէ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը, ով 2014 թվականի հայտարարագիրը դեռ չի լրացրել (2013 թվականի հայտարարագրով` նա ուներ ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար)։
Ամփոփելով` կարող ենք նշել, որ 2014 թվականը պատգամավորների դրամական միջոցների վրա վատ չի ազդել։ Առաջիկայում կանդրադառնանք նաև այդ միջոցներին` ըստ առանձին կուսակցությունների։

Տեսանյութեր

Լրահոս