Նաիրիտցիների մեջ պառակտո՞ւմ կա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները և պահանջում էին վճարել իրենց պարտքերը: Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցներին խոստացել էր, որ մինչև հուլիսի 15-ը նրանց բոլոր գումարները վճարված կլինեն, սակայն այսօր արդեն հուլիսի 16-ն է, և ոչ մի գումար գործարանի աշխատակիցներին չի վճարվել: Այսօր էլ կառավարության նիստում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ, եթե նաիրիտցիները սպասեն մինչև ամսվա վերջ՝ աշխատավարձն ամբողջությամբ կստանան, հակառակ դեպքում՝ այսօրվանից սկսած, ով դժգոհություն չունի՝ կստանա իր հասանելիք աշխատավարձը։
Նաիրիտցիները որոշում կայացրեցին ամեն օր ժամը 11:00-ից բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ: Գործարանի աշխատակիցներից մեկը վրդովված հայտարարեց, որ իրենց մեջ պառակտում կա, և նախարարի ամեն հայտարարություն միտված է պառակտում մտցնելուն: Ըստ նրա՝ իրենց պարտքերն այդպես էլ չեն վճարվելու, այս հայտարարությունն էլ, որ արվեց նախարարի կողմից, էլի միտում ուներ պառակտում մտցելու, ինչը և եղավ. «Հիմա այնքան մարդ, որ այստեղ կա, այդքան էլ գործարանի մոտ են հավաքվել ու համաձայնագիր են կնքում»:
Հիշեցնենք, որ գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանի հրավերով նաիրիտցիների համակարգող խումբը երեք օր առաջ ներկա է եղել տնօրենի գրասենյակում անցկացվող քննարկմանը, որի ժամանակ Ռ. Սաղաթելյանը պահանջել է ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից ու տուգանքներից (յուրաքանչյուր օրվա համար՝ 0.15%) հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն հաջորդ օրը կամ առավելագույնը 2-3 օրվա ընթացքում նաիրիտցիներին կվճարվի կուտակված աշխատավարձի ամբողջ պարտքը։ Հակառակ դեպքում, ինչպես ասել է Սաղաթելյանը, նաիրիտցիները ոչինչ չեն ստանա։ Սակայն այն ժամանակ նաիրիտցիները հրաժարվել են համաձայնագիրը կնքելուց:
Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում: