![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՏՄ երկրներում ծխախոտատուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող պատկերներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/940624006.jpg)
Ներկայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր երկրներում ծխելու դեմ պայքարի միջոցառումները տարբեր են, իսկ ծխախոտատուփերի ձևավորման չափանիշները այսուհետ ընդհանուր են լինելու, այսօր տեղեկացրել է «Իզվեստիա» թերթը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մշակել է սարսափեցնող պատկերներ, որոնք նախազգուշացնելու են ծխելու վնասակարության մասին: Դրանք հայտնվելու են ԵՏՄ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ծխախոտատուփերի վրա:
Մաքսային միության՝ ծխախոտային արտադրատեսակների վրա տարածվող տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2016 թվականի մայիսի 15-ին:
Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը վերջնականապես կհաստատի նոր էսքիզները, ծխախոտ արտադրողները կունենան 1 տարի՝ փոխելու ծխախոտատուփերի վրայի նախազգուշացնող նկարները ու գրությունները, հայտնում է պարբերականը:
Համաձայն Եվրասիական հանձնաժողովի նախագծի՝ ԵՏՄ երկրներում ծխախոտատուփերի վրա տեղակայվելու են նախազգուշացումներ համապատասխանաբար հայերենով, բելառուսերենով ու ղազախերենով:
ՌԴ Պետդումայում, իր հերթին, կարծում են, որ ծխողների թիվը կարելի է զգալի կրճատել՝ բարձրացնելով ծխախոտի գինը: