Ստերլիգովի կինը նորաձևության ցուցադրություն կկազմակերպի Լեռնային Ղարաբաղի լեռներում
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, ով վաղուց է զբաղվում դիզայնով ու սեփական ձևվածքի հագուստներ կարելով, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո վստահ է, որ ինքը հենց լեռներում նորաձևության ցուցադրություն կկազմակերպի, հայտնում է LifeNews-ը:
Ալյոնա Ստերլիգովայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում իր գործերն ավելի լավ կգնան:
«Բազմաթիվ հայ կանանց դուր են գալիս իմ զգեստներն ու երանգները, արդեն պատվերներ ունեմ: Մենք անպայման գեղեցիկ ցուցադրություն կկազմակերպենք լեռներում: Կանայք ու աղջիկները զգեստներով կանցնեն գորգով ծածկված լեռնային ճանապարհով: Կարծում եմ՝ դա տեղի կունենա աշնանը: Այդ ժամանակ մամուլին կհրամցնենք բնական գինի»,-ասել է Գերման Ստերլիգովի կինը:
Ալյոնա Ստերլիգովան խոստովանում է, որ բիզնեսի ֆինանսական կողմը ևս կարևոր է, սակայն, ըստ կնոջ, միշտ կարևոր է ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելը:
«Ինչո՞ւ ժամանակ կորցնել: Կարևոր չէ, թե որքան մենք այստեղ կմնանք: Քանի դեռ Ղարաբաղում ենք, հարկավոր է ինչ-որ բան անել: Այդ իսկ պատճառով արդեն մոդելային տուն ենք բացել, տնտեսություն ու ջրաղաց ունենք: Կյանքն այնքան կարճ է, որ եթե մենք այն հետաձգենք, ապա ոչինչ չենք հասցնի»,-վստահ է Ալյոնան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովը բնակության է մեկնել Լեռնային Ղարաբաղ: