Բաժիններ՝

Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ. Գերման Ստերլիգով

Հուլիսի սկզբին Մերձմոսկվայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ու այդ պատճառով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված ռուս գործարար Գերման Ստերլիգովը էքսքլյուզիվ հարցազրույց է տվել Vesti-ին:

«Այսօր մենք ջրաղաց ենք գնել: Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ՝ ամբողջությամբ ալյուրոտված: Այսօր աղացել ենք ալյուրի առաջին պարկը ու վաղը այն կսկսենք վաճառել: Մենք հիմա ապրելու միջոց ունենք»,-ասել է Ստերլիգովը:

Նշվում է, որ Էքսցենտրիկ ռուս գործարարն անսպասելի է հայտնվել Լեռնային Ղարաբաղում՝ առանց հսկողության թողնելով մի քանի հեկտար հողատարածքը, հարյուրավոր գլուխ անասուններն ու դռները փակած տունը: Դրա փոխարեն ամբողջ օրեր է անցկացնում Ղարաբաղի լեռներում՝ իր նոր ֆերմայի համար վայր որոնելով:

«Ուզում եմ, որ աղբյուր լինի, անասունների արոտավայր ու բարձրությունը, որ հաճելի լիներ»,-հայտնել է Ստերլիգովը:

Նրա հետ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել կինն ու 5 երեխաները, այդ իսկ պատճառով մտադիր է մեծ տուն կառուցել: Ստերլիգովները դեռ ապրում են իրենց ընկերների մոտ, սակայն ապագայի պլանների թվում են ֆերմերական գործունեություն ծավալելը, սեփական արտադրության էկոլոգիապես մաքուր արտադրանքի առևտուրը:
«Առաջին հերթին՝ ղարաբաղյան տեսակի ոչխարներ կպահենք՝ ամենաշքեղը, գեղեցիկը»,-ասում է գործարարը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տասնամյակներով ոչ մի քիմիկատ չի օգտագործվել, ամեն ինչ բնական է՝ էկո ֆերմայի համար ավելի լավ վայր հնարավոր չէր գտնել:

«Սա հարթավայր չէ, այստեղ կլիման այլ է: Դեռ սա ամենագլխավոր փաստարկն է: Ծովի մակերևույթից նման բարձրության վրա, ըստ էության, ոչ միայն մաքուր հող է, օդ ու ջուր, այլև մարդուն ավելի մոտ լեռնային, աստվածային աշխարհ»,-կարծում է Ստերլիգովը:

Նշվում է, որ միայն վերջին տարիներին է նա ապրել առանձնացած ու տարվել է կրոնական ուսմունքներով ու գյուղատնտեսությամբ, իսկ 90-ականներին Ստերլիգովը Ռուսաստանի առաջին միլիոնատերերից էր: Նա հայտնի էր դարձել առևտրային բորսայի ստեղծմամբ, որն անվանել էր իր շան անունով՝ «Ալիսա»:

Ստերլիգովի մեդիայի նկատմամբ ռազմավարությունը այդքան էլ չի փոխվել՝ նա որքան հնարավոր է, երկար է պահում ինտրիգը:

Գործարարը մինչ օրս թաքցնում է Ռուսաստանից հեռանալու պատճառները ու խոստանում է հրապարակել դրանք երկուշաբթի Շուշիում կայանալիք մամլո ասուլիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս