Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա. Գերման Ստերլիգովի բացառիկ հարցազրույցը РЕН ТВ-ին
Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովը պատմել է, թե ինչու է այդպես հապճեպ Ռուսաստանից մեկնել:
«Ես կպատմեմ հասարակ, պարզ ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ, սակայն, այդուհանդերձ, դա ավելի լավ է այն հորինվածքներից, որ հիմա պատմում են իմ ու ընտանիքիս մասին»,-ասել է Ստերլիգովը:
Գործարարը իր խոսքում ասել է, թե որքան զարմանալի վայր է Լեռնային Ղարաբաղը:
«Լեռնային Ղարաբաղը հիասքանչ հող է, ունի հրաշալի ժողովուրդ, ու երջանիկ են այն հայերը, ովքեր ունեն նման հայրենիք, նման պատմություն, նման գեղեցկություններ: Ես շրջել եմ ամբողջ աշխարհում ու նման վայր ոչ մի տեղ չեմ տեսել: Նման գեղեցկություն, նման բերրիություն ու ամենակարևորը՝ մարդկանց միջև նման բարի ու գրկաբաց վերաբերմունք չեմ տեսել: Այստեղ ագրեսիայի մակարդակն ընդհանրապես զրոյական է»,-հայտարարել է Ստերլիգովը:
Իր խոսքում գործարարը դիմել է նաև Ռուսաստանի քաղաքացիներին:
«Եթե ինձ հիմա նայում են ռուսները, ձեզ անհնար կլինի բացատրելը: Ոչ թե հյուրերին են լավ վերաբերվում, օրինակ՝ ինձ հիմա լավ են վերաբերվում, քանի որ ես հյուր եմ, այլ միմյանց հանդեպ կա հիանալի վերաբերմունք, այսինքն՝ դրա համար հարկավոր է այստեղ գտնվել: Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, քանի որ նրանց պատմում էի, թե տեսականորեն ինչպես պետք է մարդիկ միմյանց վերաբերվեն: Ժամանակակից Ռուսաստանում այդ վերաբերմունքը, ցավոք, չկա, իսկ Լեռնային Ղարաբաղում կա: Այստեղ նրանք դա տեսնում են: Սա անչափ օգտակար դաս է նրանց համար»,- նշել է Ստերլիգովը:
Իր խոսքի վերջում գործարարը կոչ է արել գալ Լեռնային Ղարաբաղ:
«Եկեք Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում: Սա հազվագյուտ վայր է աշխարհում: Սա հնագույն մարդկային հարաբերությունների արգելավայր է, որը պահպանել է հայ ժողովուրդը»,-խոսքը եզրափակել է Ստերլիգովը:
]