
Այսօր եմ իջել լեռներից. Արցախում գտնվող ռուս գործարար Գերման Ստերլիգովը ասուլիս է հրավիրում Շուշիում

Օրերս Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար, միլիոնատեր Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտարարել է, որ ասուլիս է հրավիրելու Շուշիում:
«Այսօր եմ իջել լեռներից, մտա ինտերնետ ու ապշեցի»,-գրել է Ստերլիգովը:
Վերջինս հայտարարել է, որ մամլո ասուլիս է հրավիրում առաջիկա երկուշաբթի օրը: «Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ, հին հայկական Շուշի քաղաք: Կեսօրին»,-տեղեկացրել է Ստերլիգովը:
Վերջինս կոչ է արել լրագրողներին գալ Շուշի ու իմանալ ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ռուս հայտնի էքսցենտրիկ ֆերմեր, նախկինում՝ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու բնակության է մեկնել Լեռնային Ղարաբաղ: