Էլեկտրական մթնոլորտ Երևանում. BBC

Հեղինակավոր BBC-ն երեկ, անդրադառնալով Երևանում անցկացվող բողոքի ցույցերին, գրում է, որ ցուցարարները Բաղրամյան պողոտայում միաձայն վանկարկում են «Մենք հաղթելու ենք» կարգախոսը:

«Այդ փողոցը, որը գտնվում է նախագահական նստավայր տանող ճանապարհին, դարձել է էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ բողոքի կիզակետը»,-հայտնում է BBC-ն:
Անդրադառնալով ցույցերի պատմությանը՝ նշվում է, որ բողոքի ցույցերն սկսվել են հունիսի 17-ին ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո, ըստ որի՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է ավելի քան 16%-ով:
Նշվում է, որ Երևանում իրավիճակը թեժացել է ոստիկանության կողմից ցույցը ցրելու նպատակով ջրցան մեքենաներ գործի դնելուց հետո:

«Դաժան ռեալցիան  զայրացրեց մարդկանց ու միայն ավելի ուժեղացրեց նրանց մտադրությունը՝ շարունակել նստացույցը: Ցերեկվա ժամերին, անտեսելով ամառվա շոգը, մի քանի հարյուր մարդ նստացույց է անում: Նրանք ոգևորված են՝ երգում են ժողովրդական երգեր, շուրջպար են պարում»,-հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ շուրջօրյա բողոքի ակցիաները սոցցանցերում ունեն #ElectricYerevan հեշթեգը, կամավորները ջուր, նախուտեստներ, պաղպաղակ ու անգամ ծիրան են հյուրասիրում, իսկ երեկոյան ժամերին մարդկանց թիվը ավելանում է հազարներով:
«Մթնոլորտն էլեկտրականանում է: Երիտասարդներն ու մեծահասակները հաստատակամ են շարունակել ակցիան մինչև մարդկանց պահանջները չբավարարվեն»,-նշում է BBC-ն:
Նշվում է, որ բողոքի ցույցերը լուսաբանելու համար Երևան են ժամանել ռուսական մեդիայի լրագրողներ, բայց մարդիկ ուրախ չեն, թե ինչ եղանակով է այդ մեդիան մեկնաբանում բողոքի ակցիաները:

«Մեր աճող անվստահությունը ռուսական մեդիայի նկատմամբ նրանց իսկ սխալն է: Նրանք համեմատում են այս բողոքի ակցիան ուկրաինական մայդանի հետ, ասում են, որ ցուցարարները զինված են, սա բացարձակ սուտ է»,-ասել է բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
Իսկ այս ճգնաժամի կենտրոնում, նշում է BBC-ն, ռուսական ընկերությունն է:

Տեսանյութեր

Լրահոս