Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի դպրոցը օժանդակության կարիք ունի
ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի Ջալալ Ջալավյանի անվան միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 2002 թվականից. դպրոցն ունի 70 աշակերտ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը և ավելացրել, որ նախադպրոցական խումբ է հաճախում 15 երեխա:
«Դպրոցը ապահովված է ինտերնետ ցանցով: Ունենք համակարգչային նոր կաբինետ՝ 15 գործող համակարգչով,- ասել է դպրոցի տնօրենը և հավելել,- դպրոցն ապահովված է լավ մասնագետներով և միայն ռուսաց լեզվի մասնագետի պահանջարկ ենք ունենալու»:
Խոսելով դպրոցի խնդիրների մասին՝ Շ. Մարգարյանը նշել է նաև, որ կրթարանը չունի միջոցառումների ու հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ՆԶՊ-ի կաբինետ՝ համապատասխան պարագաներով: Դպրոցի գրադարանը համալրված չէ գեղարվեստական գրքերով: Կարիք կա շենքային պայմանների բարելավման այլ խնդիրներ ևս:
«Այս տարի դպրոցը թողարկել է 4 շրջանավարտ. բոլորն էլ հայտ են ներկայացրել բուհ ընդունվելու համար,-նշել է Շ. Մարգարյանը և ավելացրել,- սակայն ուրախալին այն է, որ մեր դպրոցն ունի շնորհալի աշակերտներ, ովքեր մասնակցում են շրջանային օլիպիադաների և տարաբնույթ այլ միջոցառումների»:
«Այն շրջանավարտները, ովքեր համալսարանն ավարտելով վերդառնում են գյուղ, դպրոցն ապահովում է նրանց աշխատանքով, իսկ տղաները հիմնականում աշխատանքի են անցնում ԼՂՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ»,- տեղեկացրել է դպրոցի տնօրենը: Շ. Մարգարյանը նաև ափսոսանք է հայտնել, որ 262 բնակչություն ունեցող Նոր Վերին Շեն գյուղը չունի մանկապարտեզ: