Այս պահին իմ սիրտը զբաղված չէ. Մարիամ Ադամյան. Life.panorama.am
Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով առավել հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, Life.panorama.am-ին պատմեց, որ երկու տարի առաջ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է «32 թատրոն» և մինչ օրս համարվում է «32 թատրոն»-ի դերասանուհի.
«Երկու տարի առաջ «32 թատրոն»-ի կողմից «Պարույր Սևակ» ներկայացմանը մասնակցելու առաջարկ ստացա, որին միանգամից համաձայնվեցի, թեպետ ասմունքել առանձնապես չեմ սիրում, բայց այստեղ կար կենդանի խաղ և թատերականացված ասմունք, ինչը շատ հետաքրքիր էր ինձ համար: Այնուհետև այլ նախագծերի վրա աշխատեցինք, և արդյունքում հաստատվեցի այս թատրոնում: Այսօր ինձ համար «32 թատրոն»-ը ոչ թե աշխատավայր է, այլ ընտանիք»,-պատմեց դերասանուհին:
Մարիամ Ադամյանը նկատեց, որ ուսանողական տարիներին խաղացել է նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալում, բայց հանրության շրջանում իրեն ճանաչում տվեց «Բախտաբեր» հեռուստասերիալը.
««Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստացա պրոդյուսեր Էդգար Ավագյանի կողմից, ես էլ համաձայնեցի, քանի որ թե կերպարն էր ինձ հոգեհարազատ, թե այն թիմը, որը ներգարվված են այս ֆիլմում: Այսօր հեռուստասերիալում աշխատում եմ շատ հետաքրքիր դերասանների հետ, որոնցից շատ բան եմ սովորում, նաև ստանում լավ էներգիա»,- նշեց դերասանուհին:
Մարիամը հավելեց, որ ուրախ է, քանի որ Անուշի կերպարը կարճ ժամանակում հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից.
«Իմ կերպարին սիրեցին, դա են վկայում լավ և դրական արձագանքները, սա ինձ ուժ է տալիս և ավելի է ոգևորում»,- պատմեց նա:
«Պարույր Սևակ» ներկայացմանը հաջորդող «Բախտաբեր» հեռուստասերիալում կրկին մեղմ դերով հանդես գալով հանդերձ՝ Մարիամ Ադամյանը նկատեց, որ չի ցանկանա մշտապես նման դերեր մարմնավորել. «Ուսանողական տարիներին իմ կերտած կերպարները բավականին բազմաժանր են եղել՝ մեղմ դերերից մինչև կամակոր, ազատամիտ աղջիկների կերպարներ: Ես չեմ սահմանափակվի միայն մեղմ դերերով, կցանկանամ առաջիկայում տարբեր դերեր կերտել, դեմ չեմ լինի, եթե բացասական կերպար էլ մարմնավորեմ»,- նշեց նա:
Մարիամ Ադամյանը նշեց նաև, որ այս պահին ունի գեղարվեստական մի քանի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք դեռևս քննարկման փուլում են գտնվում: Դերասանուհին նկատեց նաև հունիսի 27-ին երկու ամիս դադարից հետո կրկին բեմ է բարձրանալու «Պարույր Սևակ» ներկայացումը:
Դերասանուհին ասաց նաև, որ ընդունում է, որ հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքիր է հանդիսատեսին, այս առումով նա ունի իր հստակ տեսակետը.
«Երբ որոշում ես կայացնում, որ քեզ միայն բեմում ես պատկերացնում, ուրեմն ենթագիտակցորեն գնում ես այն մտքին, որ քեզ պետք է ճանաչեն, իսկ ճանաչել չի նշանակում, որ պետք է հետաքրքրվեն միայն դերասանի ստեղծագործական գործունեությամբ, իհարկե, հանդիսատեսը փորձում է նաև սիրելի դերասանուհի անձնական կյանքից ևս տեղեկանալ, բայց արդեն դերասանը պետք է որոշի, թե իր անձնական կյանքի մանրամասներին որքանով հանդիսատեսը պետք է տեղեկանա, որքանով պետք է քո անձնական կյանքին մոտ թողնես: Իհարկե, ամեն բան չէ, որ պետք է սոցիալական ցանցերով հրապարակել, ես փորձում եմ ինձ համար հստակ սահմանազատել իմ անձնական կյանք մտնելու կարելի և անկարելի սահմանները: Այս պահին կասեմ, որ իմ սիրտը զբաղված չէ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր իրենց կյանքը պլանավորում են այս առումով, ես չգիտեմ, գուցե և վաղը փողոցում հանդիպեմ նրան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: