Բաժիններ՝

Քանի դեռ իշխանությունները չեն ցանկանում իրական երկխոսություն, վերադառնալն անհնար է. ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնով

Շվեյցարիայում ապաստան ստացած իրավապաշտպան Էմին Հուսեյնովը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է իր հետապնդումների փաստին ու խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին, հայտնում է contact.az-ը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ոլորտում:

«Երբ իմ ընկերներին ու գործընկերներին սկսեցին կալանավորել կեղծ մեղադրանքներով, ես հասկացա, որ շուտով իմ հերթն էլ կհասնի ու ստիպված էի ապաստան խնդրել դեսպանությունում: Ես կասկած չունեի իշխանությունների մտադրության մասին այն բանից հետո, երբ 5 տարի առաջ ինձ ոստիկանությունում կտտանքների էին ենթարկել»,-ասել է Հուսեյնովը:

Հարցին, թե ինչպես է կարելի պաշտպանվել կեղծ մեղադրանքներից, իրավապաշտպանը նշել է, որ տվյալ պարագայում դա անհնար է անել:

«Երկրում, որտեղ չկան անկախ դատարաններ, որտեղ ողջ իրավապահ համակարգը ենթարկվում է գործադիր իշխանությանը, արդար դատական համակագի հույս չի կարելի ունենալ»,-ասել է նա:

Մեկնաբանելով Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովի հայտարարությունը, թե Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ, Հուսեյնովը ասել է, թե նա կարող է ասել այն ամենը, ինչ ուզում է: «Բոլոր պաշտոնական դեմքերը խոսում են միևնույն բանի մասին, սակայն դա սուտ է»:

Հուսեյնովը ասել է, որ անհանգստանում է իր եղբոր ու իր ընտանիքի մասին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում իրենց կթույլատրեն հանդիպել:
Հարցին՝ արդյո՞ք կարող է վերադառնալ Ադրբեջան ու շարունակել իրավապաշտպան գործունեությունը, Էմինը ասել է, որ քանի դեռ երկրի իշխանությունները չեն գնա իրական երկխոսության քաղաքացիական հասարակության հետ ու չեն ցանկանա ինչ-որ բան փոխել երկրում, Ադրբեջան վերադառնալն անհնար կլինի: «Դա պարզապես իրական չէ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանությունում մնալուց հետո հունիսի 13-ին կարողացավ հեռանալ երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս