Երևանում մեկնարկել է «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը»

2015թ. հունիսի 17-24-ը Երևանում երրորդ անգամ մեկնարկել է «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Վստահաբար մենք աշխարհին ներկայանալու մրցակցային առավելություններ ունենք, և այդ առավելություններից մեկը մեր մշակույթն է:

Եվ զարմանալ պետք չէ, որ երաժշտական նման փառատոնը կազմակերպում է Կրթության և գիտության նախարարությունը, որովհետև կրթությունն ու մշակույթը երկու անբաժանելի ոլորտներ են: Իմ խորին համոզմամբ՝ մշակութային մարդը պետք է լինի կիրթ, իսկ կիրթ մարդը՝ մշակութային:

Չկա կրթություն առանց մշակույթի և չկա մշակույթ` առանց կրթության: Նման փառատոններ կազմակերպելով` ոչ միայն քարոզվում է երաժշտական կրթությունը, այլ առաջին հերթին մշակութային արժեքներով համամարդկային ժառանգության մեջ մեր ունեցած հստակ և ուրույն դիմանկարով ու այցեքարտերով ներկայանալու հնարավորությունը:

Եվ պատահական չէ մասնակիցների այն մեծ թիվը, որ հավաքել է երրորդ փառատոնը: Կարծում եմ՝ լավ փառատոն է երիտասարդ, սկսնակ երաժիշտների համար՝ դրսևորելու իրենց ունակությունները և հայտնվելու հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև, իհարկե, հաճելի է տեսնել աստղեր, բայց շատ ավելի հաճելի է, երբ այդ աստղերի աճն ես տեսնում, հիշում նրանց պատանեկան, ուսանողական տարիներից, հետո տեսնում վերջնարդյունքը, թե ինչպես է այդ մարդն աճել ու մեզ էլ իր հետ աճեցրել, որովհետև մշակույթով իրականում սնվում ենք բոլորս:

Մշակույթի մեջ Առնո Բաբաջանյանի անունը յուրահատուկ է փայլում. նրա երաժշտությունը բացել է ոչ միայն մասնագետների սրտերի դռները, այլ մտել ամեն մի հայաստանցու սիրտը: Այսօրվա փառատոնի ձևաչափն ապացույցն է, որ նրա ստեղծագործական ժառանգությունը համամարդկային մշակութային ներկապնակի շատ կարևոր, ցայտուն ու հյութեղ զարկն է, և փառատոնի 100-ից ավելի երիտասարդներ կօգտվեն այդ զարկի և գույնի բոլոր երանգներից»:

Նշենք, որ մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով`

1) պատանեկան «Ա» խումբ (մինչև 10 տարեկան ներառյալ)
2) պատանեկան «Բ» խումբ (11-15 տարեկան ներառյալ)
3) երիտասարդական (16-18 տարեկան ներառյալ)

Մրցույթ-փառատոնի տարիքային բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:
Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնը կանցնի մեկ, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցների համար՝ երկու փուլով:

Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 3-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի և Չինաստանի 100-ից ավելի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ են: Մրցութային կատարումները կգնահատի հեղինակավոր միջազգային ժյուրին:

Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է «Ար-Տուր-Բաս» ընկերությունը:
Մրցույթ-փառատոնի հաղթողները կպարգևատրվեն դափնեկրի դիպլոմով և Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի պատրաստած հուշամեդալով, որի վրա պատկերված է Ա. Բաբաջանյանի կիսադեմը:
Պատանի դաշնակահարների համար սահմանված են նաև հատուկ մրցանակներ:

Տեսանյութեր

Լրահոս