«Հայ հանրությունը տեռորի տակ է»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց, որ փաթեթը միտված է դատական համակարգի գերբեռնվածությունը թեթևացնելուն, սակայն հայտարարեց, որ հայ հանրությունը տեռորի տակ է՝ արտադատարանական ընթացակարգերով մարդկանց սեփականազրկելու իրավակարգավորումը ներդնելու և հետևողական պայքարելու խնդիր կա:
Բարեփոխումների հետ կապված Մարուքյանը մի քանի վիճակագրական տվյալ ներկայացրեց. ՀՀ չափահաս բնակչությունը մոտ 2 մլն 240 հազար մարդ է, մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր տեսչությունների կողմից կազմվել է 1.5 մլն վարչական ակտ:
Նրա խոսքով՝ պատժի որոշումներ են կայացվել, որով մարդկանցից բռնագանձվել են գումարներ և ԴԱՀԿ ծառայության վճարներ.
«Դրան գումարվել է, այ Դուք երևի մտածում եք, որ ճանապարհատրանսպորտային խախտումների ակտերը այս 1.5 մլնի մեջ է, ո՛չ, հարգարժա՛ն գործընկերներ, ո՛չ: Դրան գումարվել է 345 հազար ՃՈ կողմից կազմված ակտերը: Ստացվում է, որ մեկ տարում 1 մլն 845 հազար վարչական ակտ է կազմվել, որոշում, տուգանք՝ մարդկանց նկատմամբ: Դատարանները այս գործերը չեն քննում, մարդկանց լսված լինելու իրավունքը ոտնահարված է, մարդկանց սեփականության իրավունքը խախտվում է»:
Պատգամավորը նկատեց, թե մի օմբուդսմեն ունենք, որ բողոք էր բերել ՍԴ, բայց «մեկ էլ, քիչ է մնացել, որ դիմումը քննվի, օմբուդսմենը դիմումը հետ է վերցնում, ասում է՝ գիտեք ինչ, պառլամենտում քննարկվում է այս հարցը, շահարկվում է իմ դիմումը, ես ետ եմ վերցնում»:
Մարուքյանը պնդեց, որ այս հարցը պետք է այս դահլիճում լսվի. «Իսկ փոխնախարարն ասում է՝ վարչական դատարան դիմելու ընթացակարգերն այնքան կհեշտացնենք, որ ամենապարզ գյուղացին էլ կկարողանա դիմել և նրա լսված լինելու իրավունքը կպաշտպանվի, եթե ոչ, ԴԱՀԿ ծանուցումն էլ բավարար է, որ բռնագանձում լինի: Սա խայտառակություն է: Բոլորդ ինձ լավ գիտեք, ես փորձում են նման ելույթներ չունենալ, բայց չափն ու սահմանն անցել է»:
Մարուքյանը վարչական ակտերի քանակի վիճակագրությունն անվանեց խայտառակություն, որ չի կարող մի պետության մեջ հանդուրժվել. «Ո՞վ է տեսել մի գիծ տրորելու համար մարդուն 5000 դրամ տուգանեք: Մի անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ խիստ զգուշացրեք, ասենք, չափ ու սահման կա: Նայեք բնակչության սոցիալական վիճակը՝ որքան մարդկանց սոցիալական վիճակը գնում է դեպի ներքև, որքան ծայրահեղ է դառնում մարդկանց օրվա ապրելակերպը, էնքան, հետևեք վաչական ակտերին, դրանք աճում են»:
Ըստ նրա՝ այդպիսով աճում է 50/50 բաժնեմասով այդ ընկերության շահույթը. «Դուք բոլոր գողերին մարդասպաններին չեք բռնել սկի: Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք»: Մարուքյանը բերեց ԱՄՆ-ի ու Բեռլինի օրինակները, որտեղ շատ հանգիստ երթևեկություն է, տեսանկարահանում գրեթե չկա, իսկ այստեղ տեսանկարահանող սարքերն օր-օրի ավելանում են:
Նա կոչ արեց խնդիրը լուծել և խոստացավ անձաբ մշակել համապատասխան օրինագիծը: