Բաժիններ՝

«Ես գերադասում եմ լինել նորմայից դուրս, բայց ազատ մարդ». Շառլ Ազնավուր

Լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն օրերս ներկայացրել է վերջին՝ թվով 51-րդ ալբոմը՝ «Encores» վերնագրով, որը lepetitjournal.com-ի հետ զրույցում բնորոշել է իբրև նոստալգիկ, տխուր, տարողունակ ու ճշմարիտ:

Պարբերականի հետ զրույցում շանսոնիեն նշել է, որ «Encores»-ն իր, թերևս, լավագույն ալբոմներից մեկն է.

«Դա իմ կարծիքն է՝ գոնե ձեռագրի առումով: Սյուժեն, ինչ էլ որ լինի՝ գիրք, երգ, ֆիլմ, կամ դուր է գալիս, կամ՝ ոչ: Նա, ով գրում է սյուժեն, նույնպես կարող է լինել լավը կամ վատը: Ձեռագրի որակն օբյեկտիվ չափանիշ է: Ես հպարտ եմ, որ իմ մասին այդ առումով քիչ է խոսվել: Ես ավելի շատ ակնարկվել եմ իմ փոքր հասակի (կարճահասակության) կամ ձայնիս համար»:

Պարբերականը հետաքրքրվում է՝ արդյո՞ք ֆենոմեն կամ հրաշք չէ այն, որ աշխարհահռչակ շանսոնիեն երգելով ոչ մայրենի, օտար ֆրանսերենով՝ կարողանում է գրավել ու մի ամբողջ 70 տարի գրաված պահել ողջ երաժշտական աշխարհը.

«Ակադեմիական ընկալման իմաստով՝ ես երբեք չեմ սովորել ո՛չ երգելու, ո՛չ դաշնամուր նվագելու արվեստը: Հիմա պետք է խոսեմ ձեռքբերումների՞ց… Պարզապես ես մեծ ցանկություն ունեի ավելի հեռուն գնալու, ավելի շատ բան իմանալու: Տեսակով հետաքրքրասեր մարդ եմ»:

Պարբերականի այն հարցին, թե մինչ օրս դեռ ինչ չի հասցրել անել՝ 91-ամյա Ազնավուրը ժպիտով պատասխանել է.

«Իմ երգացանկն օր օրի ավելանում է, բայց ես այն կարծիքին եմ, որ ամենը, ինչ արել եմ իմ 70-ամյա կարիերայի ընթացքում, արդեն բավարար է: Հիմա արդեն ուրիշներից սովորելու ժամանակն է»:

Պատրաստեց Ն. ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս