Ծառուկյանին դատի կտան որպես մաֆիայի ղեկավարի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի նախկին քաղաքապետ, Աբովյանի անցած ընտրություններում առաջադրված Կարո Իսրայելյանը պատրաստվում է դատի տալ իր երբեմնի ընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին, իրեն պատճառված նյութական եւ բարոյական վնասի համար:
Բանն այն է, որ ընտրությունից օրեր առաջ Իսրայելյանին Աբովյանի շուկայի հարեւանությամբ ծեծի էին ենթարկել, ինչի հետեւանքով նա մի քանի վնասվածք էր ստացել: Նախկին քաղաքապետը համոզված է, որ այդ ծեծը պատվիրված էր, եւ, փաստորեն, գտել է նաեւ պատվեր տվողին: «Ինձ ծեծել են, ատամներս կոտրել են ու պետք է հատուցեն այդ ամենի համար: Բացի դրանից՝ մինչեւ հիմա գլխացավեր ունեմ, ոտքս է ցավում»,- ասաց Իսրայելյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրեն փողը չի հետաքրքրում, փող պետք չէ, այլ արդարության վերականգնում Աբովյանում:
Իսրայելյանը կարծում է նաեւ, որ Ծառուկյանի թիմի կողմից իր ձայները գողանալով՝ իրեն բարոյական վնաս է հասցվել: «Ինքը իրա փողերով իմ ձայները գողացել է, ու դրանից բացի՝ իմ առողջությանն են վնաս տվել: Իսկ ընտրությունները չեն կայացել, այլ կեղծվել են: Մի 100 հոգի լծված էին այդ գործին՝ համատիրությունների նախագահներից սկսած: Ես ամբողջ կյանքս ապրեմ իմ քաղաքում ու 2 տոկոս ձայն չհավաքե՞մ, դա չլսված բան է: Ինչ է թե՝ սափրագլուխ Էդոն է այստեղ հրամաններ տալի՞ս: Բայց հերիք եղավ անօրինականությանը, բոլորի բաժակները լցվել են»,- նկատեց Իսրայելյանը:
Մեր ճշտող հարցին, թե անձամբ Գագիկ Ծառուկյանի՞ն է դատի տալիս, Իսրայելյանն ասաց. «Այո, հենց Ծառուկյանին, քանի որ նա է ամենի գլխավորը: Բա էս մաֆիան ո՞վ է գլխավորում: Ինքը մաֆիայի ղեկավարն է, ու հենց ինքը պետք է պատասխան տա: Ես պատրաստ եմ պայքարելու սրանց դեմ մինչեւ մահս, բայց այլեւս այս քաղաքում նման բաներ թույլ չեմ տա»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։