Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ:

Նախագահի խոսքով, ԵԽ չափանիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, Հայաստանի համար լավ ուղենիշներ են, և մեր երկիրը հասել է որոշ արդյունքների՝ որպես ԵԽ անդամ և որպես այդ անդամակցությամբ պարտավորություններ ունեցող պետություն, որը փորձում է կատարել ստանձնած պարտավորությունները:

ՀՀ Նախագահը և Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը համակարծիք են եղել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ներկայացրել մի շարք ուղղություններով երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ անդրադառնալով նաև Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ-ն սատարում է Հայաստանին՝ երկրում բարեփոխումների իրականացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը գոհունակությամբ է խոսել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունում 2013 թվականին Հայաստանի նախագահության մասին, ընդգծելով, որ վեցամսյա ժամկետում բարձր մակարդակով և պատվով իրականացված Հայաստանի առաքելությունը, սահմանված գերակայությունները ԵԽ-ում արժանացել են նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին: Նրա խոսքով, հաջողությամբ իրականացված այդ նախագահությունը կմնա ԵԽ-ի պատմության մեջ:

Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ նկատի առնելով ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը և մինչ այժմ ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված դրական արդյունքները, ԵԽ-ի գործողությունների նոր ծրագիրը ևս նույնպիսի հաջողությամբ կիրականացվի:

Տեսանյութեր

Լրահոս