Բաժիններ՝

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագիծ են ներկայացրել

Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՀՀԿ-ական Արփինե Հովհաննսիյանի հետ համատեղ հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Դրանով նախատեսվում է զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դժգոհեց «կանխամտածված օրինազանցության հետևանք» ձևակերպումից՝ նշելով, թե դա իրավական չէ:

Է.Մարուքյանը պարզաբանեց, որ եթե զինվորը ինքնամտածված ինքնախեղում է արել, որ խուսափի զինծառայությունից, նա չի կարող օգտվել այս փոփոխություններով նախատեսվող աջակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս