Արցախցի մարզիկները կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերին
Այսօր՝ Եվրոպայի խաղերին մասնակցելու համար Բաքու է մեկնել Հայաստանի մարզական պատվիրակության առաջին խումբը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը նշել է, որ Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին սամբո մարզաձևից մասնակցելու են՝ արցախցի մարզիկներ՝ Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը՝ ԼՂՀ և ՀՀ հավաքական թիմերի մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ։
«Այս պահին նրանք Ստեփանակերտում նախնական պարապմունքներ են անցկացնում»,- ասել է Ռ. Հովսեփյանը և հավելել, որ մասնակիցները հունիսի 20-ին մեկնելու են Բաքու, իսկ հունիսի 22-ին տեղի է ունենալու նրանց մենամարտերը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խաղերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանալու են հունիսի 12-28-ը:
Բաքվի խաղերին պատրաստվում է մասնակցել աշխարհամասի 50 երկրի շուրջ 6 հազար մարզիկ, որոնք 20 մարզաձևերում կխաղարկեն մեդալների 253 հավաքածու: Հայաստանը 6 մարզաձևերում ներկայացնելու են 25 մարզիկներ: