Բաժիններ՝

Ադրբեջանն արգելել է Amnesty İnternational-ին մուտք գործել Բաքու

Amnesty International-ը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ադրբեջան նախատեսված այցն այն բանից հետո, երբ կառավարությունը վերջին պահին հրաժարվել է այս իրավապաշտպան կազմակերպության անդամների պատվիրակությանը թողնել Բաքու, ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է contact.az-ը:

Այցը, որի շրջանակում նախատեսված էր անցկացնել «Ադրբեջան. բռնաճնշումներ Եվրոպական խաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույց, չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ հունիսի 9-ին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը հայտարարել է, որ «Ադրբեջանը ներկայում պատրաստ չէ ընդունել Amnesty International-ին»:

«Խորապես ծաղրական է, երբ միջոցառումը չեղյալ է հայտարարվել այն պահին, երբ երկրում հնչող քննադատական ձայները շարունակ ճնշվում են Եվրոպական խաղերի նախօերին: Երկրի իշխանությունները հուսահատորեն փորձում են Եվրոպական խաղերի շուրջ ստեղծել քննադատություններից զերծ գոտի»,-ասել է Դենիս Կրիվոշեևը՝ Amnesty International-ի՝ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ծրագրերի տնօրենի տեղակալը:
«Այդ խաղերը հեռու են մամուլի ազատության ու մարդկային արժանապատվության արժեքներից, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում»,-ասել է նա:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարում Ադրբեջանում իրավապաշտպաններ, ընդդիմադիրներ, երիտասարդ ակտիվիստներ են ենթարկվել բռնաճնշումների, կտտանքների, հետապնդումների: Նման ճնշումները ավելի են խորացել խաղերի նախօրեին:

Ընդգծվում է նաև, որ նվազագույնը խղճի 20 բանտարկյալ կա Ադրբեջանում, որոնք ձերբակալվել են միայն իրենց ազատ կարծիքն արտահայտելու իրավունքի համար:
Նրանցից ոմանք մեղադրանք է առաջադրվել խարդախության ու հարկերից խուսափելու, թմրանյութեր օգտագործելու, խուլիգանության ու անգամ պետական դավաճանության մեղադրանքով:

Բազմաթիվ ակտիվիստներ լքել են երկիրը, իսկ նրանք, ովքեր մնացել են, վախենում են դեմ հանդես գալ իշխանությունների չարաշահումներին իրենց ու իրենց ընտանիքներին ուղղված սպառնալիքների պատճառով:

Amnesty International-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում անկախ ԶԼՄ գրեթե գոյություն չունի, պետության կողմից վերահսկվող թերթերն ու հեռուստատեսությունը օգտագործվում են՝ արդարացնելու իշխանությունների գործողությունները: Այդ ամենը թույլ է տալիս երկրի իշխանություններին անպատիժ մնալ:

Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու հարգել ազատ արտահայտվելու, հավաքների ու ասոցիացիաների ազատությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս