ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են Սինայի թերակղզում տեղակայված ՄԱԿ-ի օդանավակայանի վրա
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները գրոհել են Սինայի թերակղզում տեղակայված օդանավակայանը, որից սովորաբար օգտվում են ՄԱԿ-ի խաղաղարարները, հայտնում է Reuters-ը:
Եգիպտոսում գործակալության աղբյուրների խոսքով՝ մի քանի հրթիռ ընկել է օդանավակայանի տարածքում, սակայն հրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հարձակման համար պատասխանատվություն ստանձած «Անսար Բայթ ալ Մաքդիս» կազմակերպության անդամները հայտարարել են, որ հարձակումը պատասխան է եգիպտացի հատուկ ծառայությունների կողմից տեղի բնակչուհիներից մեկի կալանավորմանը:
Դիտորդները նշում են, որ մինչ օրս զինյալները հարձակումներ էին գործում միայն եգիպտական ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Հենց նրանք էին մայիսի վերջին մի քանի պաշտոնյայի սպանել՝ ի պատասխան տեղի դատարանի, որը որոշել էր մահապատժի ենթարկել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին: