«Որևէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել»
Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններն իրենց հիմքում չունեն ոչ միայն տրամաբանություն, այլև չունեն բարոյականություն և դուրս են անգամ էլեմենտար աշխարհայացքի սահմաններից՝ անկախ մասնագիտությունից և մասնագիտացումից: Այս մասին Աժ-ում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ըստ նրա՝ որևէ մեկը չի կարող իրեն նկատողություն անել: Կոստանյանի կարծիքով՝ ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և դա դասագրքում էլ է գրված. «Կլինի դա պառլամենտում կամ որևէ այլ տեղ, ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերվելու միջոց է: Տարբերություն չկա, թե այդ ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում: Անգամ ապշեցուցիչ է, որ դա ոչ միայն ընդհանրապես քննարկման առարկա է դառնում, այլև՝ քննադատության: Իմ խորին համոզմամբ, եթե անգամ վիկիպեդիան կարդաք, կտեսնեք ժեստիկուլյացիայի դրսևորման ձևերը և եղանակները և դա չի վերաբերում բառերը չհերքիելուն: Եթե հետևեիք իմ ելույթին, իմ խոսքերին, կարծում եմ, որ ինքներդ կտեսնեիք՝ չկա այնպիսի իրավիճակ, որ իմ բառերը չհերիքեն»:
Հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեն ստացե՞լ է Սուրիկ Խաչատրյանի որդու գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, Գ.Կոստանյանը հայտարարեց, թե հիմա չեն խոսում միայն իրավական գնահատականների մասին, այլ ցանկացած քրեական գործով սկզբից բացահայտվում են հանգամանքները, հաջորդականությունը, հետո անդրադառնում են յուրաքանչյուր դեպքի մասնակցի արարքի իրավական գնահատականին. «Հիմա քննությունը գնում է այն ուղղությամբ, որ մաքսիմալ արագ և դետալացված պարզենք դեպքի հանգամանքները: Այնուհետև կանդրադառնանք տվյալ դեպքում ներգրավված անձանց իրավական գնահատականներին: Քրեական գործի քննությունը հիմա ընթանում է Գորիսում և դրանից հետո մենք գործը կստանանք: Դա նորմալ է, հիմա հո քննիչը չի՞ գալու Երևան, որ գործը հանձնի: Երբ վերադառնա, այդ ժամանակ քրեական գործի վերաբեյալ մեր դիրքորոշումը, ինչպես նաև դատախազական միջամտությամբ չափն ու պահանջները կբացահայտվեն»:
Իր հայտարարության մասին, թե Սուրիկ Խաչատրյանը որևէ կապ չունի այդ գործի հետ, Գ.Կոստանյանը նշեց, որ դեպքի հաջորդ 4-5 օրերի ընթացքում իրենք կարողացել են պարզել՝ ովքեր են դեպքի վայրում եղել կամ չեն եղել, հետո անդրադառնալ յուրաքանչյուրի գործողությանը. «Այս դեպքում ես արդեն ասել եմ, որ քննության պրոցեսին դատախազությունը միջամտել է 2 եղանակով, այլ եղանակով դատախազությունը դեռևս որևէ միջամտություն չի արել»: