Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, Ծառուկյանը սպիտակ դրոշակով համատեղ շքերթի դուրս կգա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ամենաարտառոց քաղաքական տեսարանը սիպտակ մայկա-շլվարով Գագիկ Ծառուկյանն էր՝ սեւ կոստյում-շլվարով Սերժ Սարգսյանի կողքին: Խորհրդանշական է, որ Ազատության հրապարակի հարթակում Գագիկ Ծառուկյանը կարմիր մայկա-շլվարով էր, հիմա՝ արդեն սիպտակ մայկա-շլվարով: Ու դժվար չէ կռահել, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, հաջորդ անգամ Գագիկ Ծառուկյանը սպիտակ դրոշակով համատեղ շքերթի դուրս կգա կամ՝ սպիտակ փուչիկներով:

Հիմա արդեն ակնհայտ է՝ ԲՀԿ նախկին ղեկավարը, որ հավակնում էր դառնալ Երրորդ Հանրապետության ամենաականավոր ընդդիմադիր լիդերը, հայտնվել է շատ ավելի եղկելի վիճակում, քան նույնիսկ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը: Նրա սրտաճմլիկ պատճառաբանությունները, թե եթե ինքը գնար կտրուկ գործողությունների, արյունահեղություն կլիներ, կրկնությունն է այն փաստարկի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բերում էր Արթուր Բաղդասարյանը: Այդ նույն փաստարկը վաղուց արդեն չի իջնում Արտաշես Գեղամյանի շուրթերից:

Բայց ավելի կարեւոր է այն, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հրաժարումի հայտարարությունից առաջ եւ հետո այդ փաստարկի առումով երկրում որեւէ բան չի փոխվել: Ու եթե փետրվարի 13-ին մի բան էր ասել պարոն Ծառուկյանը, մեկ շաբաթ հետո բոլորովին ուրիշ բան, նշանակում է՝ ճիշտ է այն փաստարկը, թե պարոն Ծառուկյանն իրականում այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Այս իմաստով գուցե շտապում ենք՝ Սերժ Սարգսյանի կողքին նրա հայտնվելը մեկնաբանելով: Միգուցե ժամանակ է հարկավոր, որ պարոն Ծառուկյանի վերլուծական կենտրոնները վերլուծեն ստեղծված իրավիճակը, հասկանան՝ իրականում նա եղե՞լ է «Հայաստան» կինոթատրոնի բացմանը, թե՞ չի եղել, կամ, ավելի ճիշտ՝ հասկացե՞լ է որտեղ է գնում, թե՞ չի հասկացել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս