Լոռու մարզպետը իրեն համեմատում է Բրեդ Փիթի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Ընտրական թոհուբոհի մեջ ընկղմված Ալավերդում իրավիճակը հետզհետե լարվում է: Հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում միմյանց դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի առաջադրած Կարեն Փարեմուզյանն ու ինթնառաջադրված Արթուր Աբգարյանը:

Նախկին երկու ընկերների ջուրն սկսել է տարբեր առուներով հոսել այն բանից հետո, երբ նրանց ընդհանուր ընկեր Արթուր Նալբանդյանը դարձել է Լոռու մարզպետ: Վերջինիս պաշտոնի բարձրացումից հետո կոնֆլիկտներ են առաջացել իր և իրեն աջակցող մի շարք մարդկանց՝ այդ թվում նաև Արթուր Աբգարյանի միջև: Հիմա, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 2 օր, Արթուր Նալբանդյանի դրածո Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել:

Վերջիններս հասկանում են, որ առանց վարչական և ֆինանսական լուրջ ռեսուրսների պարտությունն անխուսափելի է: Իրավիճակը շտկելու համար Փարեմուզյանը դիմել է իր հովանավոր Նալբանդյանին՝ խնդրելով մեծացնել ճնշումը պետական հիմնարկների աշխատողների վրա և լրացուցիչ գումար հատկացնել: Ըստ մեր աղբյուրների, Լոռու մարզպետը փորձել է հանգստացնել քաղաքապետի թեկնածուին:

Մեր տեղեկություններով, վերջին օրերին ինչ-որ անձինք յուրաքանչյուր ձայնի համար մինչև 20 հազար դրամ գումար են վճարելու: Լոռու մարզպետը խոստացել է իր թիմակիցներին ելույթ ունենալ Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով՝ վստահեցնելով, որ դրանից հետո Ալավերդու կին բնակիչներն անպայման կընտրեն Կարեն Փարեմուզյանին: Նալբանդյանը, ասում են, իրեն երբեմն համեմատում է Բրեդ Փիթի հետ՝ ասելով, թե ալավերդցի կանայք վերջին տարիներին «ցելա են քցում իր մոտ աշխատելու համար»»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս