ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը խոստացել է դիմակազերծել Բլատերին
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները խոստացել է դիմակազերծել կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերին, հայտնում է Associated Press-ը:
«Ես այլևս գաղտնիքներ չեմ պահի հանուն նրանց, ովքեր ակտիվորեն ձգտում են ոչնչացնել իմ երկիրը: Ներողություն եմ խնդրում, որ այդ տեղեկության մասին նախկինում լռել եմ: Բլատերը գիտի, թե ինքն ինչու է ընկել»,- ասել է Ուորները:
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահն այն պաշտոնյաների թվում է, ում ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է կոռուպցիայի մեջ: Ենթադրվում է, որ նա եղել է այն կրիմինալ սինդիկատի շարքերում, ովքեր կաշառքի միջոցով վաստակել են մոտ 150 մլն դոլար:
Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն 2008թ. փոխանցել է 10 մլն դոլար Ուորների հաշվեհամարին, որը պետք է օգներ ՀԱՀ-ին իրավունք ձեռք բերել 2010թ. աշխարհի առաջնություն անցկացնելու համար: