Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ընդգծել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

Երկրի ղեկավարը նաեւ մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս