Բաժիններ՝

Չկա մի կառույց, որ տեր կանգնի անօգնական ընկած կաթվածահար կնոջը. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետությունում չկա մի պետական կառույց, որ ցանկություն հայտնի օգնել արդեն երկու ամիս իր տան միակ սենյակի ուղիղ մեջտեղում անօգնական ընկած կաթվածահար կնոջը։ Հարեւանուհիներն ասում են՝ ամեն տեղ դիմել են՝ «Փարոս» ընկերություն, Սոցապ նախարարություն, Առողջապահության նախարարություն…

Տունն ունի երեք սենյակ, ընդամենը երկու ամիս առաջ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը մուտք ուներ իր տան բոլոր սենյակներում։ Հետո նրա գլխում ուռուցք հայտնաբերվեց. «Ցավդ տանեմ, գալիս էին, մի կտոր հաց տալիս էին, դրանով պրծնում ա»։

Հարեւանուհին ասում է, որ հիվանդության առաջին օրերին հարազատների մի մասը այս կնոջ հետ վարվել են շատ դաժան, տունը մաքրել են նրան անհրաժեշտ բոլոր իրերից, փակել են անգամ զուգարանի դուռը, որ չմտնի. «Դաժե տազ չկա, որ ինքը լվացվի, դաժե տազն են տարել»։

Որոշ ժամանակ ապրել է Էջմիածնում, եղբոր տղան եւ խորթ աղջիկը փորձել են խնամել։ Հետո Ավանի հոգեբուժարանում տեղավորելու փորձ են արել։ Չեն ընդունել։ Այսօր Արմիկ Մարտիրոսյանը ոչ միայն կանգնել, այլեւ նստել չի կարող, պարզապես ընկած է սեփական տան հատակին, որը երազանք է թելադրում. «Որ ոտերս ուղղվի»։

Մինչդեռ նախկինում, ինքն արդեն չի հիշում զինվորական հոսպիտալի, թե ոստիկանության լվացքատանն էր աշխատում, այդ կառույցներից էլ արձագանք չկա։ Հարեւանուհին ճաշ է բերել, սակայն կերակրել չի կարող, չի դիմանում տան հակահիգիենիկ վիճակին, մյուսը կեռաս է բերել. «Բացի կեր, բացի կեր, ճանաչեցի՞ր ինձ»։

Հետո սկսվում է պոլիէթիլենային տոպրակը պատռելու տանջալից գործը։ Հիմա Արմիկ Մարտիրոսյանն իր անկողինը կիսում է մրջյունների հետ։ Հարեւանները շարունակում են դիմել բոլոր հնարավոր պետական մարմիններին։ Ահա այս տետրում հեռախոսահամարներն են, զանգերն սկսելուց առաջ որպես հմայական խոսք հարեւանուհին տետրի էջի վերեւում գրել է՝ Քրիստոսին ընդունեք ձեր համար տեր ու փրկիչ եւ դուք կփրկվեք։ Փրկվողները չեն շտապում. «Բոլորն էլ ասել են վճարովի ա, բացի էդ էլ ասում են, որ մենք իրան չենք կարա պառկացնենք հիվանդանոց»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս