«Կոնկրետ գործերով արտահայտենք մեր վերաբերմունքը երեխաներին». Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ.

«Մեկ տարվա ընթացքում իմ թիմի հետ եղել ենք երեխաների համար նախատեսված հաստատություններում, այցելել ենք ծանր պայմաններում մեծացող մանուկների տներ և կապ ենք պահում այն երեխաների ու ծնողների հետ, ովքեր ունեն մեր կարիքը: Ընթացքում բացահայտել ենք որոշ խնդիրներ՝ փորձելով դրանց տալ նաև համակարգային լուծումներ:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցում ենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող և մտահոգ տեղական և միջազգային կառույցների հետ: Ամենաթարմ օրինակներից է այս ամսվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության խթանման նպատակով համատեղ մշակած գործողությունների ծրագրի մեկնարկը, որը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության համար քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության ազգային և միջազգային փորձաքննություն: Մեր նպատակն է անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների ծրագրի մշակումը՝ տարբեր մարմինների աշխատանքը համակարգելու, ՄԱԿ-ի ցուցանիշներին համապատասխան ցուցանիշներ մշակելու, վիճակագրությունը ամփոփելու և տեղեկատվական փոխանակումները արդյունավետ դարձնելու համար: Նախատեսված է նաև քննչական մարմինների կարողությունների զարգացում՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ ՄԱԿ-ի ուղենիշներին համապատասխան աշխատանքներ տանելու համար:

Շնորհավորելով Երեխաների Իրավունքների Պաշտպանության միջազգային օրը՝ կարևորում եմ տարբեր իրավիճակներում և կարգավիճակներում հայտնված երեխաների համար իրավունքների պաշտպանության լավագույն երաշխիքների սահմանումն ու այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ և քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս