Բաժիններ՝

«Առանց արդարության վերականգնման՝ Թուրքիայի և աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչումը որևէ նշանակություն չունի»

Երևանում տեղի ունեցած  «System of a Down» ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» խորագիրը կրող  հզոր համերգից առաջ՝ ապրիլի 22-ին, խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդիպել էր բուհի ուսանողների հետ:

Թուրքիան պետք է ոչ միայն ճանաչի Ցեղասպանությունը, այլև պետք է արդարությունը վերականգնի, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա դուրս գալ Ցեղասպանության տրավմայից, և կարողանա մի կողմ դնել Ցեղասպանության հարցը, առաջ շարժվել։

Նա նաև նշել է, որ առանց արդարության վերականգնման՝ Թուրքիայի և աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր համար որևէ նշանակություն չունի:

«Ցեղասպանությունը հայերին բնութագրող գործոն է դարձել ամբողջ աշխարհում։ Սա և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի ազգ չի ուզում, որ հավերժ նույնացվի զոհի հետ: Մենք իրականում ունենք հսկայական և խորը մշակութային ժառանգություն, որը կարող ենք ցույց տալ աշխարհին, իսկ ամենակարևորը մշակույթն է, մնացած ամեն ինչ անցողիկ է։ Ազգերին միմյանցից առանձնացնում է նրանց մշակույթը, արվեստը, խոհանոցը, այն, թե ինչպես են նրանք խոսում, կատակում»,- ասել է նա:

Ըստ Սերժ Թանկյանի՝ ռոք խումբը երկրպագուներ ունի նաև Թուրքիայում, և տարիներ առաջ, երբ Թուրքիայի կառավարությունը կեղծ տեղեկություն էր տարածել, թե իբր խումբն այրում է Թուրքիայի դրոշը, հենց թուրք երկրպագուներն էին հանդես եկել իրենց պաշտպանությամբ։ Թանկյանն ասել է, որ կցանկանար մի օր համերգ տալ Թուրքիայում, ավելին, վերջերս նույնիսկ պլանավորում էին համերգ ունենալ Ստամբուլում: Համերգը, սակայն, չի կայացել. Ստամբուլից ասել են, որ պետք է համաձայնեցնեն վարչապետի հետ, իսկ Դավութօղլուի վարչապետ դառնալուց հետո այնքան են ձգձգել որոշումը, որ խումբն ինքն է հրաժարվել այդ մտքից:

Դիտեք Հայաստանում Ամերիկյան համալսարանում երգչի հանդիպման ամբողջական տեսանյութը.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս