Սթիվեն Ջերարդ. «Ես Էնֆիլդում» ծնվել եմ, այնտեղ էլ կմահանամ
Օրերս կայացավ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի վերջին խաղը «կարմիրների» կազմում: Ջերարդը ֆուտբոլիստ է, ում սիրում և հարգում են բոլորը՝ անկախ մարզաշապիկի գույնից: 168.am-ը ձեզ է ներկայացնում լեգենդար Սթիվի Ջիի կյանքի հետաքրքիր և հիշարժան 10 դրվագները:
Անսասան հավատարմություն
Ջերարդը «Լիվերպուլի» խորհրդանիշն է, ակումբի մշտական ավագը: Ակումբի համար Ջերարդը չի խնայել ոչինչ: Նա ամբողջ կյանքում խաղացել է մեկ ակումբում: 8 տարեկանից «Լիվերպուլի» մանկապատանեկան թիմում էր, 1998-ին ընդգրկվել է հիմնական կազմում, իսկ 2000-ից մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ էր:
Սարսափելի ողբերգություն
1989 թվականի ապրիլի 15-ը երբեք չի մոռացվի «Լիվերպուլի» որևէ երկրպագուի կողմից: Այդ օրն Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղի ընթացքում ամբոխը փորձելով ներխուժել մարզադաշտ՝ ցանկապատի մոտ ճնշման ենթարկեց առաջին շարքերում գտնվողներին։ Այս հրմշտոցի պատճառով զոհվեց «Լիվերպուլի» թվով 96 երկրպագու, իսկ 766 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Զոհերի թվում էր նաև Ջերարդի զարմիկը: Այդ դեպքից հետո Ջերարդը սկսեց ուշադրություն դարձնել զոհերի ընտանիքներին՝ կազմակերպելով բարեգործական հանդիպումներ, հուշ-երեկոներ:
Պատվավոր քաղաքացի
2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նոուսլի քաղաքի քաղաքային խորհուրդը Ջերարդին ընտրեց՝ որպես քաղաքի պատվավոր քաղաքացի: 1988 թվականից ի վեր ոչ ոք չէր արժանացել այդ պատվին:
Ջերարդի ձերբակալությունը
2008 թվականի դեկտեմբերին Ջերարդը ձերբակալվել էր Լիվերպուլ քաղաքի մոտակայքում գտնվող բարերից մեկում կռվի մեջ ընկնելու համար: Բարում Ջերարդը նշում էր «Նյուքասլի» դեմ տարած 1:5 հաշվով հաղթանակը:
Յուրահատուկ նվաճում
Սթիվեն Ջերարդը ֆուտբոլային պատմության միակ ֆուտբոլիստն է, ով գոլ է հեղինակել նշանավոր 4 առաջնությունների եզրափակիչներում. Անգլիայի գավաթ, Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա և ՈՒԵՖԱ-ի գավաթ:
Սիրելի հայր և ամուսին
Սթիվենն ամուսանացած է հայտնի մոդել Ալեքս Կուրանի հետ: Նրանք ունեն 3 աղջիկ: Սթիվենի աղջիկները մի քանի անգամ ճանաչվել են անգլիացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ երեխաներ անվանակարգում:
Ֆուտբոլային ընտանիք
Ջերարդի զարմիկ Էնթոնի Ջերարդը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Օլդեմ աթլետիկի» կազմում: Իհարկե, նա դեռ շատ հեռու է այն փառքից, որն ունի իր եղբայրը, բայց մասնագետները հիմա էլ երաշխավորում են, որ 18-ամյա ֆուտբոլիստը փայլուն ապագա է ունենալու:
Ինքնակենսագրություն
2006 թվականի սեպտեմբերի 2-ին լույս տեսավ Ջերարդի ինքնակենսագրությունը՝ «Ջերարդ. իմ պատմությունը» անունով: Գրքում նա փորձում է պատասխանել իր մասին պտտվող խոսակցություններին: Գրքի էլեկտրոնային տարբերակը երկար ժամանակ մնում էր ամենաընթերցված գրքերի առաջին հորիզոնականում:
Մրցանակներ
Իր ֆուտբոլային բազում մրցանակների կողքին Ջերարդը ստացել է նաև Բրիտանիայի Թագավորության հատուկ մրցանակ:
Մեծագույն խոսքեր
Սթիվեն Ջերարդն անսահման նվիրված է իր ակումբին, բավական է միայն կարդալ նրա խոսքերը. «Երբ ես մահանամ, ինձ հիվանդանոց չտանեք, տարեք ինձ Էնֆիլդ: Ես այնտեղ ծնվել եմ, այնտեղ էլ կմահանամ»
Սիրարփի Աղաբաբյան