Օբաման ցանկանում է իր նախագահության ժամանակ այցելել Կուբա
ABC News-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուսով է իր նախագահության ընթացքում այցելել Կուբա, որն ավարտվելու է 2017 թվականի հունվարին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը:
Ընդգծվում է, որ ճեպազրույցին մասնակցել են նաև կուբացի լրագրողներ, ինչն աննախադեպ իրադարձություն է բազում տարիների համար: Ըրնեսթը հայտարարել է. «ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կարող է այցելել Կուբա և մասնավորապես երկրի մայրաքաղաք Հավանա»:
Ըրնեսթի խոսքերով` Օբաման նախկինի նման հավատարիմ է երկու երկրների միջև շփումների ընդլայնման գաղափարին: Դա մասնավորապես վերաբերվում է ԱՄՆ-ում ու Կուբայում դեսպանատների բացմանը:
Ըրնեսթը հավելել է, որ ԱՄՆ-ի մտահոգությունն է հարուցել այն, որ Կուբայի կառավարությունը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մարդու հիմնական իրավունքների հանդեպ: Ապրիլի 14-ին Օբաման Կոնգրեսին խորհուրդ է տվել Կուբան հանել ահաբեկչություն հովանավորող երկրների ցանկից: