ԱԺ-ն ընդունեց Թևան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը
Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՅԴ-ականների և Թևան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ևս պահանջում են, որ հանրաքվեից հետո մասնակիցների ցուցակները հրապարակվեն:
Ըստ նրա՝ հղում է արվում Վենետիկի հանձնաժողովին, որ դա մարդու իրավունքների խախտում է, սակայն Վենետիկի հանձնաժողովը տեղյակ չէ ՀՀ իրականությունից. «Մենք տեղյակ ենք Վենետիկի հանձնաժողովի տեսակետին, բայց Վենետիկի հանձնաժողովը թերևս տեղյակ չէ մեր ընտրական կատարելագործված ինստիտուտների մեխանիզմին: Ուստի, երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելիս դա պետք է հաշվի առնել»:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքով, եթե իրենց առաջարկները տեղ գտնեն նախագծում, երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կլինեն, բայց քանի դեռ դա քննարկման ընթացքում է, ձեռնպահ կքվեարկեն:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչի համար է ներկայացրած այս օրենքի նախագիծը. «Մենք ընդունում ենք այս մարտահրավերը: Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով երկարաձգել ինչ-որ մեկի անձնական իշխանությունը: Կոնկրետ հանրաքվեի համար կներկայացնենք շատ լուջ առաջարկներ, այս պահին ձեռնպահ կլինենք»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները հենց հաջորդ երեքշաբթի օրը:
Նախագիծն ընդունվեց 100 կողմ, 1 դեմ և 10 ձեռնպահ հարաբերակցությամբ: