ԵՄ-ի հետ տարբեր երկրների հարաբերությունների խորացումը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար, որ ԵՄ-ի հետ տարբեր երկրների հարաբերությունները զարգանան ոչ ի վնաս Ռուսաստանի:
Լավրովն այդ մասին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ.
«Ես չեմ կարող մեկնաբանել ակնկալիքները, մենք չենք կարող ԵՄ-ին ու նրա գործընկերներին պարտադրել որևէ որոշում, մենք միայն ցանկանում ենք մեկ բան, որը վաղուց քաջ հայտնի է Բրյուսելի մեր գործընկերներին:
Մենք ցանկանում ենք, որ այն գործընթացները, որոնք ծավալվում են մի կողմից՝ ԵՄ-ի, և մյուս կողմից՝ այն երկրների միջև, որոնք ցանկանում են խորացնել ԵՄ-ի հետ տնտեսական, հումանիտար և այլ հարաբերությունները, չիրականացվեն Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը վնասելով»: