Վերսնիսաժի կրակոցների գործով դատավորը խորհրդակցական սենյակում է
2013թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավորը խորհրդակցական սենյակում է՝ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը գործով դատախազն առարկեց միջնորդության դեմ։ Նա նշեց, որ ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ առանց փորձաքննության եզրակցությունը ստանալու անհնար է քրեաիրավական գնահատականի արժանացնել Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքները, քանի որ գործում առկա ապացույցները և փաստական տվյալները վկայում են այն մասին, որ մեղսագրվող արարքները կատարելու պահին Գոռ Առաքելյանն առնվազն գտնվել է հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը կարող էր էապես ազդել նրա գործողությունների վրա։
Մեղադրողն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման, քանի որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Գոռ Առաքելյանը գտնվել է խիստ հուզմունքի վիճակում։
Դատական նիստի ընթացքում Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրացրեց իր միջնորդությունը՝ խնդրելով, որ նախքան փորձաքննության կատարումը դատարանին ներկայացվի հանձնաժողովի կազմը, արդյոք նրանք հանդիսանում են փորձագետներ, թե ոչ։