Պետք է բացառել նոր թալեաթների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Աթենքում մասնակցել է «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը պայքարելու ցեղասպանություն երեւույթի ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

Ցավոք, ցեղասպանությունները ճանաչելու եւ ծանր բեռը թոթափելու փոխարեն Թուրքիայի իշխանությունը գնում է ժխտման ուղիով` հանցակից դառնալով մեկ դար առաջ իրականացված հանցագործությանը, օկուպացնում է Կիպրոսի մի մասը, ապօրինի շրջափակում Հայաստանը, 301 հոդված պահում, գալիպոլիներ կազմակերպում` փորձելով թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, հոխորտում է Հռոմի պապի եւ այն երկրների առաջնորդների վրա, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Ցեղասպանությունը:

Մենք` երեք ժողովուրդների ներկայացուցիչներս, պետք է միավորենք մեր ողջ ներուժը հանուն մարդու իրավունքների պաշտպանության, պատմական արդարության վերականգնման եւ ընդդեմ թուրքական ժխտողականության:

Այլեւս բավարար չէ պայքարել միայն Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար. հարկավոր է հասնել թուրքական ժխտողականության քրեականացմանը: Ցեղասպանությունների մասին լռելը կարող է ծնել նոր ցեղասպանություններ, ինչի վառ վկայությունն են Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

Մենք բոլոր հարթակներում պետք է միասնաբար բարձրաձայնենք ցեղասպանություն երեւույթի դատապարտման անհրաժեշտության մասին, պետք է պայքարենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ՝ բացառելու նոր էնվերների, նոր թալեաթների, նոր քեմալների եւ ի վերջո նոր հիտլերների ծնունդը»:

Տեսանյութեր

Լրահոս