Լոլիկ. Բուժիչ նամակներ
Լոլիկը ծնունդով Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւմտյան (Պերու և Էկվադոր) մասից է, որի բնիկները՝ ինկիները մշակում էին այս բույսը, ինչպես ացտեկները Մեքսիկայում։ XVI դարում իսպանացիներն այն տարան իրենց հայրենիք, ացտեկական «tumantla» անվանումը վերափոխվեց՝ «tomat»-ի։ Տվյալ անվանումը ամուր թափանցեց բազմաթիվ այլ լեզուների բառապաշարի մեջ և օգտագործվում է մինչ այսօր։ Ամենահամեղ լոլիկները հատկապես հիմա են` աշնան սկզբներին։ Լոլիկի ամենամեծ հարստությունը լիկոպին կոչվող նյութն է, որը պաշտպանում է օրգանիզմի բջիջները շրջապատող նեգատիվ միջավայրի ազդեցությունից, կանխում ուռուցքային հիվանդությունները։
Լոլիկի կարմիր գույնը կանխորոշվում է այդ բնական գունանյութով։ Լիկոպինը լավ դաշնակից է կնճիռների դեմ պայքարում, պահպանում է վնասակար արևային ճառագայթումից։ Ի տարբերություն մյուս բանջարեղենների, խոհարարական մշակումներից հետո լոլիկի օգտակար նյութերի քանակությունը չի կրճատվում, այսպես՝ 2 րոպե եփելուց կամ տապակելուց հետո բուժիչ առողջարար լիկոպինը աճում է լոլիկի մեջ 1/3-ով։ Լոլիկի պտուղն ունի մեծաքանակ կարոտին (պրովիտամին A) 2%, վիտամիններ (K, P, C, B կոմպլեքս)։ Կան նաև պեկտինային միացություններ, կիտրոնաթթու, խնձորաթթու եւ այլ արժեքավոր նյութեր։
Այրվածքի դեպքում ցավոտ հատվածի վրա դնել 1 օղակ լոլիկ, որի մեջ եղած բնական մանրէասպան նյութերը՝ ֆիտոնցիդները, կթեթևացնեն հիվանդի վիճակը։
Լոլիկով պատրաստված կերակրատեսակները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը, սա անվնաս բնական միզամուղ է։ Լոլիկը հարուստ է պեկտինով, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Լոլիկը հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում։
Փորձված դեղատոմսեր
Վերցնել հավասար քանակությամբ թարմ ռեհան, մեղր և կիտրոն, գազարի և լոլիկի հյութեր, լավ խառնել և ընդունել, օգտագործել մրսածության դեպքում։
Լոլիկային մեղր
Անհրաժեշտ է վերցնել (հավի ձվի մեծության) հասած, կարմիր լոլիկները խիտ ձեւով դասավորել ապակե տարայի մեջ և վրան լցնել մեղր (մեղրը կրակին չդնել)։ Լոլիկները պետք է լրիվ պատվեն մեղրով։ Տարայի վզիկը (բերանը) խծուծել։ Դնել մութ և հով տեղ։ Պահել այնքան ժամանակ, մինչև լոլիկները լրիվ լուծվեն մեղրի մեջ։ Արդյունքում ստացվում է վարդակարմրավուն միասեռ զանգված, որը պետք է դնել սառնարանի մեջ։ Ընդունել լոլիկային մեղրը օրվա մեջ մեկական ճաշի գդալ, մինչեւ սնունդ ընդունելը։ Օգտագործման ժամկետը 1 ամիս է։ Ունի հակաուռուցքային ազդեցություն։
Դիմակներ
Լոլիկով դիմակները կվերադարձնեն հոգնած մաշկի գույնը և թարմությունը՝ շնորհիվ վիտամիններ C և E-ի բարձր պարունակության։ Բացի այդ, կվերադարձվի մաշկի երբեմնի առաձգականությունը։
Չոր մաշկի համար
Միջին մեծության լոլիկը քերիչով անցկացնել, 1/2 թ. գդալ օսլա և մի քանի կաթիլ ձիթապտի յուղ խառնել և քսել դեմքին։ Հրաշալի դիմակ է չոր մաշկի համար։
Խառնել երկուական ճաշի գդալ լոլիկի հյութն ու ալյուրը։ Քսել դեմքին, ծածկել թանզիֆով, պահել 15-20 րոպե։ Լվանալ տաք ջրով։ Խոնավեցնող ազդեցություն է թողնում։
Ճարպոտ մաշկի համար
Մաքրած և տրորելով փափկեցրած լոլիկին ավելացնել 2 թեյի գդալ եգիպտացորենի թեփ, խառնել և տեղադրել դեմքին։ Հրաշալի միջոց է մաշկի լայնացած ծակոտիների համար։ Օգտակար է նաև դեմքը շփել լոլիկահյութով, պահել դեմքի վրա մինչև լրիվ չորանալը։ Լվանալ գոլ ջրով։
3 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնել 1 թեյի գդալ մաղադանոսի հյութին, լցնել կաղապարիկների մեջ, դնել սառնարանի սառցախցիկ։ Օգտագործել դեմքը շփելու համար։
Նորմալ մաշկի համար
2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռի վրա լցնել 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ արևածաղկի յուղ, մանր քերիչով անցկացրած լոլիկ։ Մի պտղունց աղ ավելացնել։ Պատրաստած շիլան քսել դեմքին 15-20 րոպե։ Դեմքը լվանալ տաք ջրով, վերջում սառը ջրով ցայել։
Հասած 1 լոլիկը մանր քերիչով անցկացնել, խառնել 1 ճ/գ օսլային, ավելացնել կիտրոնահյութ՝ 1 թեյի գդալ (կամ խաղողի հյութ), լավ խառնել եւ քսել դեմքին։ Պահել 20 րոպե։ Լվանալ տաք ջրով եւ չորացնել դեմքը անձեռոցիկով։
2010թ., հոկտեմբեր 9
«168 ԺԱՄ»