Բաժիններ՝

«Էլ լոտո» խաղային ապարատների սեփականատերը «Շինանյութի» Սերգեյն է

Երեկ 1in.am-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրված խաղային ապարատներին, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատներն աշխատում են գումարով և նաև՝ հայերեն մենյուով: Ապարատով խաղալու գումարը սկսվում է 1000 դրամից, կոպեկների ներբեռնման տեղ չկա: Լրատվամիջոցի թղթակցի այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» ևս կար այդ ապարատից, ու մարդիկ հերթ էին կանգնել՝ խաղալու համար: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ո՞նց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,- ասել էր խաղալու համար հերթ կանգնած քաղաքացին՝ խաղալու համար ապարատ մուտք անելով միանգամից 5000 դրամ: Սուպերմարկետներում և գազալցակայաններում տեղակայված նման ապարատները համարվում են շահումով խաղային ավտոմատներ, շահույթ են հետապնդում, հետևաբար՝ ըստ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ արգելվում է քաղաքի ներսում շահումով խաղերի, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում, դրանք պետք է տեղակայվեն քաղաքից դուրս:

Այսօր «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից «Փաստինֆոյի» հարցին ի պատասխան՝ հերքել են իրենց պատկանող սուպերմարկետներում «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատների տեղադրման մասին լուրերը` հավելելով, որ խաղային ապարատներ կան տեղադրված միայն առևտրի կենտրոնների տարածքներում գործող «Մադագասկար» մանկական սրճարաններում: Իսկ «Փակ շուկայում» թեև չեն հերքել նման ապարատների տեղադրման փաստը, բայց ասել են, որ դրանք սուպերմարկետին չեն պատկանում:

168.am-ի տեղեկություններով՝ «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանին, ով հայտնի է «Շինանյութի Սերոժ» կամ   «Եվրոպայի Սերգեյ» մականուններով, ում պատկանում է նաև Աշտարակ գնացող ճանապարհի հսկա, արձանախմբերով առանձնատունը: «Էլ լոտո» խաղային ապարատները նա վարձակալական հիմունքներով տեղադրում է սուպերմարկետներում և այլ մարդաշատ հատվածներում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ դեռևս 2013թ. վերջինս գործունեության նոր ոլորտ էր հայտնաբերել. նա ամենուր և մեծ արագությամբ «Good win» անվամբ բուքմեյքերական գրասենյակներ էր բացում, որից դժգոհություններ էին հնչում:

Կարդացեք նաև

Ի դեպ, նրա փեսան` «Եվրոպայի» փոխտնօրեն Կարեն Բոթոյանը, ՕԵԿ-ի կողմից պատգամավոր էր ընտրվել Գեղարքունիքի թիվ 23 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին Կարեն Բոթոյանն իր դիմումի համաձայն՝ դուրս եկավ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից՝ այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը, դեմ լինելով նոր ձևավորված կառավարությանը և, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու հանգամանքին, իրեն կրկին ընդդիմություն հայտարարեց:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս