Մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի նախկին նախագահը
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը, ով 1980 թվականի սեպտեմբերի 12-ին զինվորական հեղաշրջում կազմակերպելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: 98-ամյա Էվրենը վերջին 3 տարում բուժման նպատակով գտնվել է հոսպիտալում:
Մայիսի 9-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Քաղաքական գործչի մոտ առողջական խնդիրները մեկնարկել են 1990-ական թվականներին:
2014 թվականի հունիսին դատարանն Էվրենին, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայային մեղավոր ճանաչեց ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման:
Ռազմական հեղաշրջման մնացյալ կազմակերպիչները վաղուց մահացել են: 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո` 1982 թվականին, Թուրքիայում ընդունվեց «ռազմական սահմանադրություն»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 10-ին Անկարայի դատարանն ընդունեց Քենան Էվրենի և Թահսին Շահինքայայի դեմ պատրաստված գործը։ Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, որ երկրի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև:
1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ 1982 թվականի նոյեմբերի 9-ին Քենան Էվրենը դարձավ Թուրքիայի 7-րդ նախագահ:
Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։ Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ՝ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես։
1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ: Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին: