«Եթե իշխանությունները ռեսուրս ունենային, մեզ տարիներով կալանավորված կպահեին». Ժիրայր Սէֆիլյան
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» և «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով և ավտոբուսներով շարժվեցին դեպի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որպեսզի այնտեղ շարունակեն իրենց բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քաղբատարկյալների։
Լրագրողների հետ զրույցում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիյանը նշեց, որ այս իշխանությունները Կորեայի ռեսուրս չունեն և չեն կարող անհիմն մարդկանց փակել և երկար ժամանակ փակի տակ պահել։ «Մանավանդ որ այս իշխանությունները իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով փորձում են մուրացկանություն անել հիմնականում Արևմուտքից ակնկալելով ինչ-որ կոպեկներ։
Նրանք չեն կարող նման գործերը այդպես երկար պահեն։ Ուստի այն կարծիքին եմ, որ որոշ ժամանակ անց պետք է գործը կարճեն»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ խոսելով իրենց դեմհարուցված քրեական գործի մասին։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունները ռեսուրս ունենային, ապա իրենց տարիներով կալանավորված կպահեին։ Ըստ նրա, իրենց հաջողվեց «հակառակորդին» ստիպել նահանջել։
Հարցին՝ հնարավո՞ր է գործը կարճվելու դեպքում Դուք դիմեք դատարան, Սէֆիլյանը պատասխանեց, որ ամեն դեպքում իրենք բողոքարկելու են իրենց նկատմամբ կիրառված խափանման միջոցը, և մինչև վերջ, մինչև վերջին ատյաններին դիմելու են այդ հարցով։
Հարցին էլ՝ իշխանությունները ապրիլի 24-ի ձեր միջոցառումները խափանեցին, բայց կա՞ ինչ-որ ժամկետ, երբ նորից կսկսեք ձեր պայքարը։ Ժիրայր Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Մենք տարվա մասին էինք խոսում ։ Մենք խոսում էինք «100-ամյակն առանց ռեժիմի մասին» և նկատի ունեինք 100-ամյա տարելիցը և այդ նույն լոզունգը շարունակվում է»։
Նա նշեց, որ կոնկրետ օրվա մասին չի կարող խոսել, իրենց պայքարը շարունակվում է։ Նրա խոսքով՝ լինելու են մարտավարական փոփոխություններ և այս օրերին նրանք զբաղված են այս գործերով։ «Դեռ մի քանի օրից կգանք եզրակացության և կհստակեցենք մեր մարտավարական քայլերը»։