Մինսկյան պայմանավորվածությունների վերանայումն անթույլատրելի է. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկյան պայմանավորվածությունների վերանայումն անթույլատրելի է: Պորոշենկոն Ռուսաստանին կոչ է արել ամբողջովին կատարել դրանք:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, ըստ որի՝ Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցերով Եռակողմ շփման խմբի աշխատանքային ենթախմբերում ուկրաինացի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ.
«Ոչ մի ռոտացիա, ոչ մի ձևաչափի փոփոխում, ոչ մի նահանջ Մինսկյան պայմանավորվածություններից: Այդ ամենը մեզ համար անընդունելի ու անթույլատրելի է:
Մինսկյան պայմանավորվածությունները ստորագրածներից և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք սպառիչ միջոցներ, որպեսզի Մինսկյան պայմանավորվածությունները կատարվեն ողջ ծավալով»: