Վահե Գրիգորյան. ՄԻԵԴ վճիռների կատարումն արդյունավետ չի իրականացվում Հայաստանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին այսօր մասնակցեց նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Լրագրողների հարցին, թե ինչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով իր այսօրվա պատրաստվածության մակարդակը, Վահե Գրիգորյանը դժվարացավ պատասխանել:

Հարցին՝ արդյոք իր նկատմամբ խտրական վարաբերմունք նկատե՞լ է, Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Այս մրցույթին ես չեմ նկատել նման բան: Իհարկե, որոշ մտահոգություններ ունեցել եմ, որոնք դիմումում բարձրացրել եմ, այս պահին նպատակահարմար չեմ համարում դրանք բարձրաձայնել, բայց ընդհանուր առմամբ, իմ դիտարկմամբ, այս մրցույթի հիմնական խնդիրը օբյեկտիվ, ավելի ճիշտ համակարգային բնույթ ունի: Այս հանձնաժողովն ի վիճակի չէ, իմ համոզմամբ, Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել հենց միայն այն պատճառով, որ գնահատման համակարգը թույլ չի տալիս դա անել»: Վահե Գրիգորյանի խոսքով՝ դա մրցութային հանձնաժողովի խնդիրը չէ, ըստ էության, դրա գործունեությունը կարգավորող հրամանագրի խնդիրն է:

«Մյուս խնդիրը, ես ինչքան տեղյակ եմ լրատվամիջոցներից, թափանցիկության էական սահմանափակում է տեղի ունեցել»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դա անընդունելի պետք է համարվի: «Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ պատճառով է դա եղել: Այսինքն՝ ես չեմ տեսնում որևէ հիմնավորում, որևէ անհրաժեշտություն նման բան անելու: Հանրությունը պետք է տեսնի՝ ովքեր են այն անձինք, ովքեր մասնակցում են այդ մրցույթին, և հանրությունը պետք է իր խոշորացույցով նրանց նաև ստուգի: Շատ կարևոր է միշտ ուշադրության կենտրոնում ունենալ այն փաստը, որ այսպիսի ցանկացած մրցույթի լեգիտիմությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունն ու արդարությունն ուղղակիորեն ազդում է Եվրոպական դատարանի լեգիտիմության և նրա հեղինակության վրա: Ես կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, և հույս ունեմ դեռ հանձնաժողովը կհրապարակի այդ փաստաթղթերը կամ հասանելի կդարձնի որևէ այլ կերպ լրատվամիջոցներին կամ հասարակական կազմակերպություններին»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Փաստաբանի կարծիքվ՝ ՄԻԵԴ վճիռների կատարումն արդյունավետ չի իրականացվում Հայաստանում: «Մասնավորապես, եթե տեղյակ եք, նոր հանգամանքով դատական ակտերի կամ վարույթների վերաբացման ինսիտուտն ամբողջ արդյունավետությամբ չի գործում: Այս մասին նաև իր քննադատական խոսքը Սահմանադրական դատարանն է ասել: Սահմանադրական դատարանը բավականին մարամասն քննադատության է ենթարկել դատարանների այս գործելաոճը: Այսօր ես ուրախությամբ տեղեկացա, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ ներկայացրել է «ad hoc» դատավորների թեկնածուների ցուցակը Եվրոպական դատարանի նախագահին: «Ad hoc» դատավորի ինստիտուտը մի ինստիտուտ է, որը փոխարինում է մշտական գործող դատավորին  այն դեպքերում, երբ մշտական գործող դատավորի մասնակցությունը դատավարությանը պարտադիր է, սակայն նա ինչ-որ պատճառով չի կարող մասնակցել: Վաղուց էր պետք սա անել: 11 տարի է, այս բանը կարելի էր անել: Կան մի քանի գործեր, որոնցով Եվրոպական դատարանը պահանջել էր դատավորների թեկնածուներ, որովհետև Հայաստանից ընտրված դատավորը չէր մասնակցում այդ գործերով ինչ-որ կոնկրետ պատճառներով, բայց այդ ցուցակները չէին ներկայացվում, և ստիպված դատարանի կոնկրետ սեկցիայի նախագահը նշանակում էր այլ ցուցակներից կամ այլ դատավորներից»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս