Որքան վճարեց Գագիկ Ծառուկյանը

Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքը լավագույնն էր, որ կարող էր լինել: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ նման գնահատական տվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ կարևորելով, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից:

Ըստ նրա՝ համակարգի մեջ եղողները միշտ գոհ ու երջանիկ են եղել, իսկ այսօր դուրս են եկել ու բողոքում են: Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ում ճգնաժամ է, որովհետև  նպատակներ են դրվել, բայց չկան այն գործիքները, որ հասնեն այդ նպատակներին: Ռուստամյանի կարծիքով՝ միջանձնային հարաբերություններում տեղի ունեցողն այդ ճգնաժամի արդյունքն է: Ըստ նրա՝ բոլոր նախագահների ժամանակ առճակատումներ են եղել ու միշտ դժգոհություն է եղել, և եթե չորրորդն էլ գա, այս համակարգի դեպքում նույն խնդիրներն են լինելու:

«Այսօր ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվելու և սա համակարգային երևույթ է»,- ասաց նա:

Նա կանխատեսեց, որ հիմա ընդդիմությունը կգա իրենց համոզման ու կամաց-կամաց կփոխվի և ընդիմությունն ու հանրությունը կկարողանան ազդել իշխանության վրա: Հարցին, թե ԲՀԿ-ն ծանր վճարե՞ց, Ռուստամյանը նշեց, որ դա պետք է հարցնել Ծառուկյանին: Նա նաև նախազգուշացրեց իշխանություններին՝ թող նրանց չթվա, որ այս փուլը վերաջացավ ու կարելի է էյֆորիայի մեջ ընկնել, այլապես շատ վատ վիճակում կլինեն: Ռուստամյանի խոսքով՝ քանի դեռ երկրում խնդիրները կան, Ծառուկյան կլինի, թե մեկ այլ ոք, դժգոհությունը կլինի, և այս զինադադարը, որ առաջացել է, պետք է լավագույնս օգտագործել՝ կանխելու վատ պրոցեսները: Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները էական փոփոխություն կառաջացնեն, բայց պետք չէ սպասել, այսօր էլ կարելի է իրավիճակը փոխել ու դրական սպասելիքներ առաջացնել:

Հարցին, թե ո՞վ էր կազմակերպելու արյունահեղություն, Ռուստամյանը պատասխանեց, որ երբ արյունահեղություն է լինում, մեկը մյուսի վրա է բարդում, անգամ անցած տարիներին չենք կարողանում պարզել, թե Մարտի մեկի զոհերի հետևում ով է կանգնած: Ըստ նրա՝ ամբողջ ծանրությունը մնացել է հասարակության ուսերի վրա, անգամ նրանց վրա, ովքեր կապ չեն ունեցել կատարվածի հետ. «Ուշ է արյունահեղությունից հետո ճշտել, թե ով է մեղավոր: Որևէ զոհ չարժի տալ մի նպատակի համար, առավել ևս եթե այդ զոհը դու չես: Անբարոյականութուն է, չի կարելի նպատակ դնել ու զոհերով առաջ գնալ, եթե այդ զոհերի մեջ դու չկաս»:

Տեսանյութեր

Լրահոս