Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման համար Բաքուն և Երևանը միայն միմյանց պետք է մեղադրեն և ոչ՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին. Ռիչարդ Կոզլարիչ
Տարեսկզբին «Հեյդար Ալիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց ոչ թե մեծ աղմուկով, այլ շշուկով» վերնագրի ներքո Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը բավական ծավալուն անդրադարձ էր կատարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների անցյալին, ներկային և առկա խնդիրներին` հորդորելով հայկական կողմին՝ օգտագործել շահեկան իրավիճակը:
Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին` Կոզլարիչն առաջարկել էր ինտենսիվացնել ղեկավարների առերես բանակցությունները, աշխուժացնել նաև հասարակական մակարդակում շփումները, ստիպել, որ մինչ այս տարվա աշուն կողմերը հասնեն բանակցությունների ավարտին:
168.am-ի հետ զրույցում ամերիկացի դիվանագետ, Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս՝ Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի «Մուսուլմանական աշխարհ» հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչը փորձեց բացատրել, թե ինչու կողմերը չեն կարողանում ինտենսիվացնել հակամարտող երկրների ղեկավարների առերես բանակցությունները: Նա նշեց, որ Բաքուն և Երևանը նախընտրում են մեղադրել միմյանց ապակառուցողական քաղաքականության մեջ, այնինչ, նրա համոզմամբ, երկու կողմերն էլ իրենց գործողություններով և հռետորաբանությամբ պատասխանատու են ներկայիս փակուղու համար:
«Երկու կողմերը` առանց արտաքին միջամտության, կարող են քայլեր իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Նրանք ընտրեցին չանել դա, քանի որ ստիպված կլինեն փոխել տասնամյակներ շարունակ հնչող պատմությունը հակամարտության կարգավորման մասին: Դա կենթադրեր նահանջ ծայրահեղ դիրքերից: Ո՛չ հայաստանյան, ո՛չ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն նման քայլերի` վախենալով հանրային բացասական արձագանքից: Սա մի իրավիճակ է, որն իրենք են իրենց համար ստեղծել»,- ասաց Կոզլարիչը` շարունակելով, որ հանրայնորեն կոմպրոմիսների մասին խոսելն ընդունելի չէ երկու երկրներում, որի այլընտրանքն արտաքին ուժերին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հակամարտության կարգավորման հարցում «ձախողման» մեջ մեղադրելն է: Ըստ նրա` սա սխալ մոտեցում է, որը կա և՛ Բաքվում, և՛ Երևանում:
Նախկին դեսպանի համոզմամբ՝ քանի դեռ ոչ մի կողմը չի ցանկանում իրականացնել առաջին քայլը՝ քաղաքականապես ավելի ընդունելի է մեղադրել Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին նրանում, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը չեն ցանկանում անել` բարեխղճորեն բանակցել խաղաղ կարգավորման հարցում: Ռիչարդ Կոզլարիչի համոզմամբ` ժամանակն է, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս գա իր զբաղեցրած ադրբեջանական տարածքներից: Դիվանագետի համոզմամբ` կողմերը պետք է սկսեն ուղիղ բանակցություններ՝ կենտրոնանալով միմյանց և ոչ՝ միջնորդների վրա:
Հարցին, թե ուկրաինական ճգնաժամն ու դրա շուրջ ընթացող բանակցություններն ինչպե՞ս են անդրադառնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, Կոզլարիչը պատասխանեց՝ բացասական: «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շարունակական նվաճումն ու օկուպացիան, Ռուսաստանի կողմից «Մինսկ 2»-ի պարտավորությունները չիրականացնելը վատ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- նշեց Կոզլարիչը: Փորձառու դիվանագետն այն կարծիքին է, որ կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, միայն իրենց պետք է մեղադրեն հակամարտության չկարգավորման համար: