Պրահայում չի քննարկվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը. Աբաշիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն երեկ Պրահայում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Հանդիպումից հետո Աբաշիձեն հայտարարել է, որ Պրահայում չի քննարկվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը: Կարասինն իր հերթին հանդիպումից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:
Կարասինն ընդգծել է, որ ռուսական կողմն իր վրացի գործընկերների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը և ուշադիր հետևում է այդ գործընթացին: Կարասինի խոսքերով՝ Ռուսաստանն իր դիրքորոշման մասին իրազեկել է վրացի ու միջազգային գործընկերներին:
Աբաշիձեն, սակայն, հայտարարել է, որ Կարասինի հետ իրենց ձևաչափը չի նախատեսում քննարկել երրորդ երկրների կամ միջազգային կառույցների հետ իրենց երկրների փոխհարաբերությունները, ինչի համար էլ իրենք չեն անդրադարձել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության խնդրին:
Աբաշիձեի խոսքերով՝ Վրաստանը բաց է աբխազների ու օսերի հետ երկխոսության համար. «Մենք պատրաստ ենք ուղիղ երկխոսություն սկսել աբխազների ու օսերի հետ: Ռուսական կողմն ասում է մեկ բան և անում է մեկ այլ բան: Մենք ընդգծված հաստատեցինք, որ աջակցում ենք Ժնևյան բանակցությունների գործընթացին»: